Դատարանը Սամվել Մայրապետյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձի ավելի քան 4 միլիարդ դրամ գումար. մանրամասնում է գործով դատախազը
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացված վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի  ավելի քան 4 միլիարդ դրամ գումար։

Մեզ հետ զրույցում գործով դատախազ, ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանը տեղեկացրեց, որ ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2022 թվականին հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ  689 մլն 764   հազար դրամ: Այնուհետև 2022 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գործն ըստ ենթակայության հանձնել է Հակակոռուպցիոն դատարանի քննությանը, վերջինս 2022 թվականի հոկտեմբերի 14-ին գործն ընդունել է իր վարույթ։

«Դատախազության հայցը բավարարվել է 4 միլիարդ 406 միլիոն 948 հազար 142 ՀՀ դրամի չափով։ Իսկ նշված գումարի տարբերությունը, երբ որ ես ի սկզբանե ասացի՝ 5 միլիարդից ավելի, պայմանավորված է քրեական գործի շրջանակում պատվիրակված և ստացված դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննության եզրակացության վրա, որը որ դատարանը դրել է իր դատական ակտի հիմքում։ Հայցի հիմքում ընկած էին Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբջանյանի ոչ իրավաչափ գործողությունները։ Մասնավորապես, Սամվել Մայրապետյանը ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով հարկերը թաքցնելու նպատակով հարկային մարմիններին սխալ տեղեկատվություն է ներկայացրել, Տերյան 66 հասցեի բնակարանների շուկայական արժեքները պայմանագրերում սխալ են նշվել, մասնավորապես 1 քմ-ի արժեքը նշված է եղել 66.000 դրամ, այն դեպքում, երբ միևնույն ժամանակահատվածում համապատասխան բնակարանների շուկայական արժեքներն էականորեն բարձր են եղել՝ ըստ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության»,- ասաց դատախազը։
Ֆիլիանա Բելլույանը նշեց, որ նույնը վերաբերում է նաև ավտոկայանատեղիներին, հասարակական նշանակության տարածքներին. այդպիսով Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբջանյանի գործողությունները նպատակ են ունեցել խուսափել հարկ վճարելուց։
Դատախազի խոսքով՝ այդ փաստի մասին վկայում է նաև այն, որ Գագիկ Հակոբջանյանի նախաձեռնությամբ սկսվել է լուծարման գործընթաց. «Գլոբուս» ՍՊԸ-ն լուծարվել է 2006 թվականի նոյեմբերին, որպեսզի բացահայտման վտանգը հնարավորինս նվազեցվի։    
«Դատարանի 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ, բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, և հայցի ապահովման միջոց է կիրառվել, կատարողական վարույթներ են հարուցվել և արգելանքներ են դրվել պատասխանատուների գույքերի վրա»,- ասաց դատախազը։ 
 
Նշենք, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու և պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով 2023 թվականին ներկայացրել է 21 հաղորդում և միջնորդագիր։ 2023 թվականին և նախորդ տարիներին ներկայացված հայցերով փաստացի վերականգնվել է, նախնական գնահատմամբ, շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք:
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան