Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ այս տարվա հունվար-փետրվարին նվազել է ՀՀ-ում գրանցված հանցագործությունների քանակը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ըստ այդմ՝ գրանցված հանցագործությունների քանակը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 6 028 դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5 876 դեպք։ Նվազել են մասնավորապես հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ նախորդ տարի գրանցված 2 286 դեպքի դիմաց այս տարի 2 160 դեպք է գրանցվել։ Նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության դեպքերը՝ նախորդ տարի 204 դեպք, այս տարի՝ 117, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը՝ այս տարի 321, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 451 դեպք։ Նկատենք, որ այս տարվա հունվար-փետրվարին հիշյալ հանցագործության (ճանապարհային երթևեկության, շահագործման կանոնների խախտման) զոհ է դարձել 19 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 22 մարդ։ Հաշվետու ժամանակահատվածում աճել է մասնավորապես պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ նախորդ տարվա 450 դեպքի դիմաց այս տարի՝ 458 դեպք։
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 20 դեպք է արձանագրվել այս տարվա հաշվետու ժամանակաշրջանում՝ նախորդ տարվա 17 դեպքի դիմաց, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու 80 դեպք՝ նախորդ տարվա 54 դեպքի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նույնպես աճել է՝188 դեպք՝ նախորդ տարվա 127 դեպքի դիմաց։
Աճել է նաև սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 29 դեպք՝ նախորդ տարվա 20 դեպքի դիմաց, որից սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 18 դեպք՝ նախորդ տարի արձանագրված 10 դեպքի դիմաց։
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքերի թիվը նույնպես ավելացել է՝ այս տարվա երկու ամիսներին՝ 16 դեպք։ Նախորդ տարեսկզբի երկու ամիսներին էլ գրանցվել էր այդպիսի հանցագործության 4 դեպք։
Նշենք, որ գրանցված հանցագործությունների քանակով առաջին տեղում Երևանն է՝ 2 792 դեպք, երկրորդ տեղում՝ Արմավիրը՝ 595 դեպք, ամենաքիչ թվով հանցագործություններն էլ հունվար-փետրվարին գրանցվել են Վայոց ձորում՝ 58 դեպք։