Իրանի արձագանքը բրյուսելյան հանդիպմանը շատ մեղմ էր՝ հակառակ դեպքում այնպիսի աղմուկ կբարձրացնեին, ինչպես ՌԴ-ն

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին պարզաբանել է Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ՝ ի պատասխան վերջերս Բրյուսելում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև եռակողմ հանդիպման, և նշել. «Իրանը դեմ է Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելուն»։

Իրանի այս հայտարարությունը, ինչպես նշում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը, նորություն չէ, նախկին թեզերի վերաշարադրում է։ Հատկանշական է, որ ապրիլի 5-ի հանդիպումից առաջ և անմիջապես հանդիպմանը հաջորդած օրերին որևէ էական արձագանք չի եղել բրյուսելյան հանդիպման հետ կապված։

«Հաշվի առնելով Իրանի քարոզչական քաղաքականությունը՝ եթե իրենք լուրջ խնդիր տեսնեին դրանում, այս հանդիպման պաշտոնական տեղեկատվության տարածումից հետո սկսելու էին անդրադառնալ՝ և՛ լրատվական մակարդակում, և՛ փորձագիտական, և՛, չի բացառվում նաև, պաշտոնական մակարդակում, ինչը տեղի չունեցավ»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Արևելագետի կարծիքով՝ Իրանի արձագանքը շատ մեղմ էր։ «Եթե իրենք ցանկանային, կարող էին առնվազն այնպիսի աղմուկ բարձրացնել, ինչպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը»։ 

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է տարածաշրջանային ներուժի, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը մնացած վեճերը լուծելու համար։ Պետրոսյանը հիշեցրեց, որ այս ձևաչափն առաջ մղող կենտրոններից մեկը հիմնականում Իրանն էր՝ հակազդելով  Արևմուտքին։ Արևելագետի կարծիքով՝ սա նոր խմորվող ձևաչափ է, և դրա արդյունավետությունը պայմանավորված է դրա մասնակիցների շահերով։ Այս ձևաչափը տարածաշրջայնացման համատեքստում է, որի մասին բազմիցս խոսել է նաև Հայաստանը. «Որևէ բացասական բան ես այս ձևաչափում մեզ համար չեմ տեսնում»։ 

Պետրոսյանի կարծիքով՝ այս ձևաչափը կարելի է բնորոշել ոչ թե «3+1+1», որի մասին խոսում են հայաստանյան որոշ շրջանակներ, այլ «2+2+1»՝ Երևանն ու Թեհրանը համատեղ դիտարկելով։ «Եթե կհիշեք, հոկտեմբերին Թեհրանում տեղի ունեցավ «3+3»-ի երկրորդ հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով։ Հայաստանի համար այդ ծանրագույն պահին, երբ Արցախում էթնիկ զտում էր իրականացվում, փորձում էինք Հայաստանում հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ընդունել, դրան զուգահեռ մեր արտգործնախարարը գնաց և մասնակցեց այդ հանդիպմանը, որովհետև դա նախ շատ կարևոր էր Իրանի համար։ Այնպես որ, կարծում եմ, այստեղ շատ հարցերում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են, օրինակ՝ միջին միջանցքի հարցում, երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հարցում և այլն»,- նշեց Պետրոսյանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան