Բանկը դատի է տվել և 6-ական միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել «Երկիր մեդիա», «Կենտրոն» հեռուստաալիքների նախկին հաղորդավար, վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող և որպես վերլուծաբան հանդես եկող Արմեն Չիբուխչյանի դեմ և դատարանին խնդրում է  պարտավորեցնել հերքել «Չիբուխչյան լայվ» («Chibukhchyan Live») յութուբյան ալիքի 17.03.2024թ. թողարկման ընթացքում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ արված՝ «իրականությանը չհամապատասխանող և վերջինիս գործարար համբավն արատավորող զրպարտչական արտահայտությունները նույն ալիքի եթերում՝ սույն գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրը»։  Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։ Բացի դրանից, ըստ հայցապահանջի, դատարանից հայցվում է Արմեն Չիբուխչյանից հօգուտ  ՓԲԸ-ի բռնագանձել 6 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Հայցապահանջը դատարան է մուտքագրվել ապրիլի 12-ին։ Նշենք, որ մեկ այլ հայց էլ Չիբուխչյանի դեմ ապրիլի 12-ին ներկայացրել է Կարեն Սաֆարյանը, որը հիշյալ բանկի խորհրդի նախագահն է։ Հայցապահանջն է՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող զրպարտչական տեղեկությունները հերքել պարտավորեցնելու, ներողություն խնդրել պարտավորեցնելու, վնասի փոխհատուցման մասին։

Արմեն Չիբուխչյանի և սոցիոլոգ Կարեն Սարգսյանի դեմ հիշյալ բանկը ավելի վաղ էլ՝ 14.03.2024-ին, քաղհայց է ներկայացրել և խնդրում է  Կարեն Սարգսյանին և Արմեն Չիբուխչյանին պարտավորեցնել հերքել «Չիբուխչյան լայվ» յութուբյան ալիքի 14.02.2024թ. թողարկման ընթացքում «Արդշինբանկ» ՓԲ ընկերության վերաբերյալ արված իրականությանը չհամապատասխանող և վերջինիս գործարար համբավն արատավորող զրպարտչական  արտահայտությունները՝  նույն ալիքի եթերում։ Հայցվորը խնդրում է նաև Կարեն Սարգսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունից՝ հիշյալ ալիքի 14.02.2024թ. թողարկման ընթացքում ՓԲԸ-ի գործարար համբավն արատավորող վիրավորանքի՝ «Այ սենց, տականք, սրիկա բանկ ա ինքը» արտահայտության համար։  Արմեն Չիբուխչյանից և Կարեն Սարգսյանից, բացի դրանից,  հայցվորը խնդրում է հօգուտ իրեն բռնագանձել 6-ական միլիոն դրամ գումար՝  որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում։ Սույն հայցապահանջը դատարանն ընդունել է  վարույթ:  

Նշենք, որ դատարան դիմած բանկի  խորհրդի անդամներն են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկինում ՌԴ վարչապետի ֆինանսական խորհրդական Գարեգին Թոսունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Արամ Անդրեասյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։