Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, շարունակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում անելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։
Նիստի սկզբում դատախազը միջնորդեց՝ որպես ապացույց գործին կցել ոստիկանությունից ստացված փաստաթուղթը, ըստ որի՝ ոստիկանության նախկին ծառայողներ Սասունյանին, Զաքարյանին և Գասպարյանին բնակարաններ հատկացվել են ոստիկանապետի հրամանների հիման վրա։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։
Ապա Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդեց դատարան հրավիրել ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանին, քանի որ վերջինս նույնպես ոստիկանությունից բնակարան է նվեր ստացել՝ իր անվամբ ունենալով սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույք։
Ըստ պաշտպանի՝ եղել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողները, օրինակ, հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առանձնապես ծանր վնասվածք են ստացել ու ոստիկանապետի կողմից որպես խրախուսանք բնակարան են նվեր ստացել, չնայած որ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույք ունեցել են։
Այս միջնորդությունը դատարանը մերժեց՝ նշելով, որ քննության ծավալից այն դուրս է։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ գործում քաղաքական պատվեր չի տեսնում։ Եղել է հեղափոխություն, իսկ համակարգում որոշները, որոնք ժամանակին գեներալների ու մարշալների պաշտոններ չեն ստացել, այսպիսով բավարարում են իրենց չբավարարված ամբիցիաները։
Հաջորդիվ հանրային մեղադրողը հանդես եկավ ճառով՝ նշելով, որ Գասպարյանին իր տեղակալը զեկուցել է, որ զորամասի 3 զինծառայող շարքում չեն գտնվել։
Նշված անձինք, հանդիսանալով ռազմական ոստիկանության ծառայողներ, չեն կատարել իրենց բուն պարտականությունը, այլ փաստացի կատարել են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի վարորդի և անվտանգությունն ապահովելու գործառույթներ։
Ըստ դատախազի՝ Վլադիմիր Գասպարյանը միջոցներ չի ձեռնարկել հանցագործության կանխման ուղղությամբ, տեղյակ չի պահել ռազմական դատախազին, չի հարուցել քրեական գործ կամ չի նշանակել ծառայողական քննություն։
Բացի դրանից, ևս 10 և 15-ական մլն դրամով ձեռք է բերվել 2 բնակարան, որոնք Վլադիմիր Գասպարյանի հրամանով տրամադրվել են ոստիկանության նախկին ծառայողների։
Դատախազը ճառը կներկայացնի նաև հաջորդ նիստի ընթացքում, քանի որ այլ նիստով պայմանավորված դատական այս նիստը հետաձգվեց։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան