ԱՄՆ գնացած և այդպես էլ հետ չեկած պաշտպանության նախկին նախարարի և նրա կնոջը պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը դատարանում է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում գտնվող Վիգեն Սարգսյանին և նրա տիկնոջ՝ Լուսինե Գալաջյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազության հայցադիմումը ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Գործը դատարան է ուղարկվել մայիսի 3-ին, գործով դատավորն է Ռուդոլֆ Ավագյանը։ Թե մասնավորապես ինչ գույք է դատախազությունը միջնորդել բռնագանձել՝ «Դատալեքս»-ում դեռևս հրապարակված չէ։ Հարկ է նկատել, որ պաշտպանության նախկին նախարարը մայիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Բագրատ արք. Գալստանյանի գլխավորած շարժման քայլերգով՝ այսպիսով փաստորեն, ի թիվս ՀՀ-ն լքած այլ՝ հայրենիքը հեռուներեն սիրող նախկին պաշտոնյաների, իր հեռակա աջակցությունը հայտնելով տեղի ունեցող գործընթացին։
Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ԱՄՆ է մեկնել 2019-ի հունիսին, ի դեպ, մեկ տարով՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լրացուցիչ կրթություն ստանալու։ Նա հայրենիքը լքած պաշտպանության երկրորդ նախարարն է՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող Միքայել Հարությունյանից հետո։
2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանը ԿԸՀ էր ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2018 թ. հոկտեմբերի 31-ը: Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան Հյուսիսային պողոտայում՝ 159.8 քմ, և Աբովյան փողոցում՝ 117 քմ, 2 ավտոտնակ Հյուսիսային պողոտայում՝ 24 քմ, Աբովյան փողոցում՝ 35 քմ, որպես տրանսպորտային միջոց՝ «Տոյոտա Կորոլա» (2017 թ.) ավտոմեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 9 միլիոն 424 հազար դրամ և 85 հազար դոլար: Գումարը ստացվել է 4 աղբյուրից. պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձից, «Լույս» հիմնադրամից ստացած աշխատավարձից՝ մոտ 5 միլիոն 400 հազար դրամ, և Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցից ստացած վարձավճարից, որը կազմել է 4 մլն դրամ։ ՀՀԿ նախընտրական շտաբի հավաստմամբ՝ հյուրանոցը Վիգեն Սարգսյանին վճարել է իր աշխատակցին տրված վարձով բնակարանի գումարը: Իսկ այ 85 հազար դոլարը Վիգեն Սարգսյանը նվիրատվություն է ստացել ոմն Արամ Հովհաննիսյանից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 925 հազար դրամ, 6100 եվրո և 45 հազար դոլար: Նշենք նաև, որ Վիգեն Սարգսյանին առաջադրված մեկ այլ քրեական գործով էլ դատաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն քրեական դատարանում։ Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել 2018թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ, իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար։ Սույն գործով որպես խափանման միջոց Վ. Սարգսյանի նկատմամբ ընտրվել է կալանքը։
Հ. Մ.