Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թվաքանակով Երևանն առաջին տեղում է. Վիճկոմիտեն տվյալներ է հրապարակել
Այս տարվա՝ 2024թ. հունվար-մարտին  գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը   նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է՝  9 962 դեպք՝ 10 121-ի դիմաց։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Դրանում առանձնացված են մասնավորապես ընտանիքում բռնության դեպքերը։

Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է ընդհանուր 344   դեպք,  որից 83-ը՝ Երևանում։ Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 159 դեպք է արձանագրվել, որից 37-ը՝ մայրաքաղաքում, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 7 դեպք է արձանագրվել, որից 3-ը՝ Երևանում, նախկին ամուսնու կամ կնոջ կողմից բռնության 23 դեպք է արձանագրվել հունվար-մարտին, որից 6-ը՝ Երևանում։ Ուշագրավ է նաև ծնողի կողմից երեխայի նպատմամբ կիրառված բռնության դեպքերի պատկերը՝ 29 դեպք, որից 5-ը՝ Երևանում, զավակի կողմից ծնողի նկատմամբ բռնության դեպքերն էլ կազմել են 37-ը, որից 9-ն արձանագրվել է մայրաքաղաքում։ Ընտանիքի այլ անդամների   կողմից բռնության ընդհանուր դեպքերն էլ կազմում են 89, որից 23-ը՝ Երևանում, կենակցի կողմից բռնությունների թիվն էլ 6-ն է։  

ՎԿ-ն մանրամասնել է նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց թվաքանակը ըստ բռնության տեսակի։ Հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական բռնության ենթարկված անձանց թվաքանակը 331 է, սեռական բռնության ենթարկված անձանց թվաքանակը՝  68, հոգեբանական բռնության դեպքերի թիվը կազմել է 410, տնտեսական բռնության ենթարկված անձանց թվաքանակը՝ 168, անտեսման ենթարկված անձանց թվաքանակը՝ 54, «թեժ գծի» միջոցով ծառայություններ ստացած անձանց թվաքանակը՝  926։  
  
Ընտանիքում ֆիզիկական բռնության ենթարկված անձանց ամենաբարձր թիվն արձանագրվել է Երևանում՝ 71 դեպք, երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 49 դեպքով, երրորդ տեղում՝ Լոռին՝ 36 դեպք։ Հաշվետու ժամանակաշրջանում բռնության այդպիսի դեպքերը  ամենաքիչն արձանագրվել են Արարատի մարզում՝ 16 դեպք։ Հունվար-մարտին սեռական բռնության 20-ական դեպք է արձանագրվել Երևանում և Գեղարքունիքում, 10 դեպք՝ Արմավիրում, 4-ական դեպք Շիրակում և Վայոց ձորում, երկուական դեպք՝ Կոտայքում և Լոռիում, 3-ական դեպք՝ Տավուշում և Արարատում, Արագածոտնում և Սյունիքում ոչ մի դեպք չի արձանագրվել։ 
Հ. Մ.