Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր:

Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ մի շարք գործողությունների, ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, նյութապես շահագրգռելու եղանակով նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Մասնավորապես, հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված թվով 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա՝ վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները։

Պարզվել է նաև, որ 2024 թվականի մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին, ապա, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3.000-ական ՀՀ դրամ գումարները, նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր քաղաք:
Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Վերջինս ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ: