Վահագն Չախալյանը քաշքշել է քաղաքացուն, հայհոյանքներ հնչեցրել․ ՔԿ մանրամասները
Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից  կատարվել է խուլիգանություն, մասնակիցների թվում է եղել նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ  մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր  Վահագն Չախալյանը, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։

«Հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։
Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։