Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն
Մայիսի 8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված նորածին աղջնակի մայրը հայտնաբերվել է, տեղափոխվել ոստիկանություն:

Երեխային էլ իրավապահները տեղափոխել են մանկատուն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ:
Այսպես. «ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը մայիսի 8-ին հայտնել է, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանի փոխանցմամբ՝ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։

Կինը իրավապահներին տեղեկացրել է, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։

Իրավապահները ձեռնարկել են անհետաձգելի գործողություններ։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նորածինը, դրական տեղեկություն է ստացվել այն մասին, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնացել:

Նորածնի մորը հայտնաբերելու՝ իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքը չի ուշացել։ Հետագա միջոցառումներով պարզվել են կատարվածի որոշ մանրամասներ:

Նորածինը մայիսի 15-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս է գրվել և տեղափոխվել մանկատուն։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»։