ՀՀ դատախազություն ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, որպես «Սերժի Վաչո» հայտնի Վաչագան Ղազարյանի վերաբերյալ գործը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Գործը դատարան է մուտքագրվել մայիսի 15-ին ու մակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վաչագան Ղազարյանի դեմ քրեական հետապնդումը հարուցվել է 25.05.23թ.-ին, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա (2 դրվագ) կատարել է պաշտոնեկան դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դրդչություն, որն անզգուշթությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ (2 դրվագ) պաշտոնեական դիրքը՝ ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավար ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք: Դատարանը ստանձնելով քրեական գործի վարույթը նախնական դատալսումներ է նշանակել 2024 թվականի մայիսի 29-ին, ժամը 10։00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դռնբաց դատական նիստում։ Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խափնման միջոց բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ սա Ղազարյանի վերաբերյալ առաջին քրեական գործը չէ։ Վերջինս քրեական տարբեր գործերով հետապնդման է ենթարկվում սկսած 2018-ից։ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2018-ին Վաչագան Ղազարյանին և կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով։ 2019-ի փետրվարին Դատախազությունը հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է, որից հետո նրա և կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։
2020 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար․ ըստ այս գործի՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցը ծառայության չէր ներկայացնել և փոխարենն աշխատել էր որպես Ղազարյանի կնոջ և տան վարորդ։ Այս անգամ ևս Ղազարյանը հատուցել էր պատճառված ենթադրյալ վնասը՝ 9.340.677 դրամ։