Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
213 մլն 870 հազար դրամ, որը չի հիմնավորվում Արամայիս Գրիգորյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 97 մլն 143 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
Բանկերից ձեռք բերված պարտատոմսեր՝ ընդհանուր շուրջ 62 մլն դրամ արժողությամբ. Ապօրինի ծագում ունեցող մի շարք գույքերի վարձակալությունից ստացված վարձավճարներ: