Շարունակվում է 2024 թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ դեպքի առթիվ մեղադրանքներ էին ներկայացվել տրանսպորտային միջոցը վարող ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձի։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, մեղադրանքներ են ներկայացվել նաև նույն զորամասի՝ տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, անձնակազմի տեխնիկական պատրաստության համար պատասխանատու, ինչպես նաև՝ հավաքակայանից դուրս եկող և վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններով օժտված ևս երկու պաշտոնատար անձի։
Վերոնշյալ երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, և դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։