Կիրանցից քայլերթով Երևան հասած Տավուշի թեմի այլևս նախկին առաջնորդ Վազգեն Գալստանյանը, ինչպես հայտնի է, միշտ չէ, որ տեղաշարժվելիս ապավինում է բացառապես Աստծու պարգևած «փոխադրամիջոցին»՝ սեփական ոտքերին (պարզվեց՝ դրանք քայլերթի ժամանակ վնասվել էին), այլ նաև օգտվում է գիտության նվաճումից՝ ինքնաշարժից՝ հայտնի որպես ավտոմեքենա։ Մասնավորապես՝ արտասահմանյան արտադրության, մասնավորապես՝«Լեքսուս»։
Նրան տեղափոխող սև գույնի «երկաթյա նժույգը», ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ այս օրերին օգտագործվեց քաղաքական անհնազանդության ակցիաների ժամանակ. Գալստանյանը մայրաքաղաքի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, փողոցը պարալիզացնելու նպատակով ակնհայտ միտումով բախվեց հետևում կայանած մեկ այլ մեքենայի։ Այս կեղծ վթարը տեսագրում էր շարժման աջակիցներից մեկը, ինչից կարելի է եզրակացնել, որ բախումը ցուցադրական էր։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են սրբազանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը և ևս մի քանի անձ ժպիտը դեմքներին իջնում սրբազանի մեքենայից, ինչից հետո նրանցից մեկն ասում է՝ «ԱՊՊԱ եղավ, կանգնենք, ԱՊՊԱ ա էղե»։ Այս շինծու վթարից հետո Վազգեն Գալստանյանը՝ ԱՊՊԱ «սարքած» մեքենայի վարորդը, հեռացել էր ՃՏՊ-ի վայրից, և մեքենան այդտեղից դուրսբերվեց «կարմիր բերետավորների» ջանքերով՝ հրել-տեղաշարժելու միջոցով։Չգիտենք՝ արդյոք վթարի թիրախ դարձած մեքենայի տերը դիմե՞լ է համապատասխան ապահովագրական ընկերությանը՝ փոխհատուցում ստանալու համար, «Լեքսուս»-ի տերն էլ՝ իր մեքենան ապահովագրած ընկերությանը, բայց որ տեղի ունեցածը առաջին «ԱՊՊԱ»-ն չէր Գալստանյանի վարած մեքենայի դեպքում, առնվազն երկրորդն էր՝ վկայում են փաստերը։ Նման մի ՃՏՊ-ի էլ Գալստանյանի անունով գրանցված «Լեքսուսը» հայտնվել է 2018-ին, ղեկին, սակայն, այդ անգամ ինքը չի եղել, գործն էլ հասել է դատարան։ «Դատալեքս» հարթակում զետեղված է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի քաղաքացիական հայցն ընդդեմ Վազգեն Պետրոսի Գալստանյանի և Մայր Աթոռում վարորդ աշխատող Գարիկ Շալիկոյի Ալիխանյանի՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2019-ի մայիսյան մի գեղեցիկ օր՝ մայիսի 8-ին։
Դիմելով դատարան՝ հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ 23.09.2018 թվականին, ժամը 16:00-ի սահմաններում,Իջևան քաղաքի Արցախյան փողոցի և Երկաթգծի կայարանի խաչմերուկում ընդհարվել են Գարիկ Ալիխանյանի վարած 11TD777 հ/հ ավտոմեքենան, որը սեփականության իրավունքով պատկանում է Վազգեն Գալստանյանին, ևևս երկու ավտոմեքենա։
Ճանապարհային ոստիկանության եզրակացության համաձայն՝ պատահարում մեղավոր է ճանաչվել 11TD777 հ/հ ավտոմեքենայի վարորդ Գարիկ Ալիխանյանը: «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության կողմից 20.07.2018թ. ապահովադիր Վազգեն Գալստանյանին տրված N SJ 067765 վկայագրի համաձայն՝ ապահովագրվել է 11TD777 հ/հ ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը 22.07.2018 թվականից մինչև 22.07.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար։ Այդ վկայագրի «8. Պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետ և կարգ» տողում նշվել է. «Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում այդ մասին հայտնել Ապահովագրողին՝ զանգահարելով համապատասխան հեռախոսահամարներով»։ 34FA919 հ/հ ավտոմեքենայի սեփականատիրոջը «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության կողմից hատուցվել է ավտոմեքենային պատճառված վնասը, որը կազմել է 897.000 դրամ: 72CC727 հ/հ ավտոմեքենայի սեփականատիրոջը «Ռեսո» ԱՓԲ ընկերության կողմից հատուցվել է ավտոմեքենային պատճառված վնասը, որը կազմել է 250.000 դրամ: Պատահարից հետո 11TD777 հ/հ ավտոմեքենայի վարորդ Գարիկ Ալիխանյանը լքել է դեպքի վայրը։ Բացի դրանից, թե նա և թե սեփականատեր Վազգեն Գալստանյանը վկայագրով նշված ժամանակաընթացքում 40 րոպեի ընթացքում պատահարի մասին չեն հայտնել Ապահովագրողին՝ սույն գործով հայցվորին, ինչի արդյունքում հայցվորը, ըստ ստորև բերված իրավական հիմնավորումների, նրանց նկատմամբ ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք։ Հայցվորը 13.02.2019 թվականի ծանուցմամբ պատասխանողներից պահանջել է վճարել 897.000 + 250,000= 1.147.000 դրամ գումարը լրիվ կամ վճարել դրա մի մասը՝ մնացած մասի վճարումը տարաժամկետելու հնարավորությամբ։Ըստ հայցվորին վերադարձված հետադարձ փոստային ծանուցման թերթիկի՝ Վազգեն Գալստանյանին առաքված ծանուցումը նրան է հանձնվել 23.02.2019թ., իսկ Գարիկ Ալիխանյանին հասցեագրված առաքանու հետադարձ փոստային ծանուցման թերթիկը հետ չի վերադարձվել նաև առաքանուն, ինչը նշանակում է, որ այն հանձնվել է հասցեատիրոջը։ Պատասխանողները մինչ օրս որևէ վճարում չեն կատարել։
Հայցվորը, ըստ այդմ, դատարանից խնդրել է պատասխանողից հօգուտ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության բռնագանձել 1,168.494 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրության պայմանագրով տուժողին վճարված ապահովագրական հատուցման գումար, ինչպես նաև 23,370 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախօրոք վճարված պետական տուրքի գումար, և 186,900 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին նախօրոք վճարված խելամիտ վարձատրության գումար:
Սույն գործով պատասխանող Վազգեն Գալստանյանի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում առարկել է ներկայացված հայցի դեմ՝ հայտնելով, որ իրականում վթարի պահին մեքենայի վարորդը չի իմացել, որ հանդիսացել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, ինչպես նաև մեղավոր: Հայտնել է նաև, որ դրա վերաբերյալ տեղեկացել է հաջորդ օրը՝ ոստիկանության բաժանմունքում, որից հետո անմիջապես զանգահարել է ապահովագրական ընկերություն: Վկա Գարիկ Ալիխանյանը դատարանում տրված ցուցմունքով հայտնել է, որ երթևեկելիս է եղել կենտրոնական փողոցով, մեքենային բախում չի եղել, միայն լսել է թեթևակի ձայն, իջել է մեքենայից, անգամ զրուցել է վարորդի հետ: Վթարի հաջորդ օրն է իմացել, որ վթարի պատճառ է հանդիսացել: Իմանալուն պես միանգամից զանգել է ապահովագրական ընկերություն: Վթարի պատճառ հանդիսանալու մասին տեղեկացել է ոստիկանության միջոցով՝տեսնելով վթարի տեսաձայնագրությունները:
Վկա Արման Ստեփանյանն էլ իր ցուցմունքում նշել է, որ Նոյեմբերյանից դեպի Իջևան ճանապարհին, երկաթգծի կայարանի ճանապարհից առանց զիջելու դուրս է եկել «Լեքսուս» մեքենան, որի արդյունքում տեղի է ունեցել վթարը: «Լեքսուս» մեքենայի վարորդը կանգնել է, հարցրել է՝ ինչ է պատահել, որին ի պատասխան ինքը տեղեկացր
ել է, որ վթար է, պետք է զանգահարել ապահովագրական ընկերություն, որից հետո վարորդը վարել է մեքենան և հեռացել:
Դատարանը, «Արմենիա Ինշուրանս»-ն ընդդեմ Վազգեն Պետրոսի Գալստանյանի և Գարիկ Շալիկոյի Ալիխանյանի, գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել է ամբողջությամբ: Այն է՝ Վազգեն Գալստանյանից և Գարիկ Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ վերոհիշյալ ընկերության բռնագանձել 1,168,494 ՀՀ դրամ, որից 1,147,000 ՀՀ դրամը՝ սկզբնական պարտավորություն, իսկ 21,494 ՀՀ դրամը՝ հաշվարկված տոկոսներ:
Վազգեն Գալստանյանից և Գարիկ Ալիխանյանից համապարտության կարգով հօգուտ հայցվորի պետք է բռնագանձել 23,370 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նշենք, որ վճիռը բողոքարկվել է վերադաս դատարաններում։ Ըստ «Դատալեքս»-ի վերջին (2023 թ. օգոստոս) թարմացման՝ գործն այժմ վճռաբեկ դատարանում է, դատարանն ընդունել է բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
Հ. Մ.