ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արտահերթ ընտրությունների թեմային անդրադառնալով՝ հաստատեց, որ եթե ԲՀԿ-ն ևս դրական արձագանքի, ապա այո, հնարավոր է, որ այս տարի անցկացվեն արտահերթ ընտրություններ։
Լրագրողի հարցին, թե եթե ԲՀԿ-ն չմիանա, այդ դեպքում ինչպե՞ս կվարվի իշխանությունը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ԲՀԿ-ում որոշում է մի մարդ, ապա ավելացրեց, որ չի բացառում, որ այսօր կամ վաղը հանդիպում կլինի Գագիկ Ծառուկյանի հետ։ «Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս միասնական դիրքորոշում ձևավորվի», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե մատնանշվում էր, որ չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ, հիմա ի՞նչ է փոխվել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ կարևրո է, որ քաղաքական պրոցեսները շարունակվեն։ «Ես, գիտեք, որ արտահերթ ընտրությունների կողմնակից էի, իմ դիրքորոշումը ստացվեց, որ ճիշտ էր, մենք անյուամենայնիվ գալու էինք այս խոսակցությանը, և այն հարցը, որ օդում կախված է, թե ո՞վ պետք է լինի իշխանությունը, մենք պետք է գնանք և դրա պատասխանը ստանանք քաղաքացիներից», - ասաց Սիմոնյանը։