Բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը նախապես մտածված է, դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Factor.am
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքում Յուրի Խաչատուրովի հայտնած համախոհությանը՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ԳՇ հայտարարությանը: Պատգամավորը նշեց, որ ԳՇ նախկին պետը իր ելույթը սկսել է «Ազգ-բանակ-հաղթանակ» կարգախոսով, և որ այդ կարգախոսն ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հիմքում, որոնցում իր ներդրումն են ունեցել նաև Խաչատուրովը և այլ գեներալներ, հայտնում է Factor.am-ը։
«Բայց այդ կարգախոսը փոխվեց Հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016-ի Ապրիլյան պատերազմի պարտությանը և 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր: Այժմ էլ այս նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում «0038» հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը: Եվ հիմա քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը փաստորեն ողջունում է դրանք:
Ակնհայտ է, որ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով»,- նշեց Քոչարյանը: Նա նաև հավելեց, որ նախքան ԳՇ հայտարարությունը, ընդդիմությունը նաև բանակի գեներալիտետին էր մեղադրում պարտության մեջ, սակայն այժմ ընդդիմադիրները կտրուկ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը: «Բանակը այս պահին պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և ԶՈՒ ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ: Իսկ մեզ համար գլխավոր խնդիրը ներքին անվտանգության ու կայունության ապահովումն է»,- ընդգծեց պատգամավորը: