Covid-ի արդյունքում ձեռք բերված հոտառության կորստի վերականգնման փորձարկումներ՝ վիտամին A-ի միջոցով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Վիտամին A-ի քթի կաթիլները կարող են բուժել կորոնավիրուսով վարակված որոշ մարդկանց փոփոխված կամ կորցրած հոտառությունը, ասում են բրիտանացի հետազոտողները:
Իսթ Անգլիայի համալսարանն անցկացնում է 12-շաբաթյա փորձարկումներ: BBC-ի փոխանցմամբ՝ փորձարկումները կկազմակերպվեն հետևյալ կերպ. մասնակից կամավոր հիվանդներից միայն որոշները կստանան բուժումը, բայց բոլորին կխնդրեն փորձել շատ սուր բույրեր, ինչպիսիք են՝ փտած ձվի կամ վարդերի հոտը: Իսկ ուղեղի սքանավորումները կստուգեն՝ արդյոք վիտամինը վերականգնե՞լ է վնասված հոտառությունը, թե՞ ոչ:
Լոնդոնից 29-ամյա Լինա Ալնադիի մոտ Covid-ից հետո պարոսմիա է զարգացել, ինչը նշանակում է, որ նրա համար շատ սովորական հոտեր փոխվել են, գրում է BBC-ն: Օրինակ՝ ծորակի ջրից նա ճահճի հոտ է զգում, խոտաբույսերի համը դեզոդորանտի բույր ունի, իսկ ձվից այրված կաուչուկի հոտ է գալիս:
Հոտառության կորուստը կամ փոփոխված լինելը Covid-ի ընդհանուր ախտանիշներից է, չնայած շատ այլ վիրուսներ, օրինակ՝ գրիպը, նույնպես կարող են դրա պատճառ դառնալ:
Իհարկե, մարդկանց մեծամասնությունը հիմնականում մի քանի շաբաթվա ընթացքում վերականգնում է համի և հոտի զգայարանները, սակայն շատերի մոտ դրանց շարունակական խանգարումները դեռ մնացել են:
Առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Կառլ Ֆիլպոթը նշել է. «Մենք ցանկանում ենք պարզել, թե արդյոք հիվանդների ուղեղում նկատվո՞ւմ է վնասված հոտի զգայարանների չափի և ակտիվության աճ, երբ նրանք բուժվում են վիտամին A-ի քթի կաթիլների միջոցով»:
Նրա փոխանցմամբ՝ հետազոտությունը փորձում է գտնել հոտառության լամպի չափի փոփոխություններ. դա քթի վերևում գտնվող մի տարածք է, որտեղ հոտի նյարդերը միանում են իրար, ապա ուղեղին:
«Մենք նաև կուսումնասիրենք ուղեղի այն հատվածների գործունեությունը, որոնք պատասխանատու են հոտերի ճանաչման համար»,- նշել է պրոֆեսորը:
Սյուզի Սիրականյան