Կոնսերվատորիան այն խիզախների ու խենթերի օրրանն է, ովքեր հետևում են իրենց սրտի կանչին՝ այլևս դառնալով արվեստի հավերժ ջահակիրներ․ Հայկ Մելիքյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի շնորհավորական ուղերձը ԵՊԿ հարյուրամյա հոբելյանի առիթով։
Ուղերձի տեքստը՝ ստորև։
«Այսօր, անդրադառնալով իմ մեկդարյա բուհի հոբելյանին, խորին երախտագիտությունս եմ հղում կուռ ավանդույթներ հիմնադրած այն բոլոր նվիրյալներին, ովքեր ստեղծեցին մինչ այդ նմանը չունեցող մի դպրոց, որն իր ծածկի տակ առավ և համախմբեց բազում տաղանդավորների։
Հարյուր տարիներ, որոնք լի են եղել ուժեղ կամքով, բարձր հավակնություններով, ծաղկուն փուլերով և, իհարկե՝ մարտահրավերներով։
Կոնսերվատորիան այն խիզախների ու խենթերի օրրանն է, ովքեր հետևում են իրենց սրտի կանչին՝ այլևս դառնալով արվեստի հավերժ ջահակիրներ։ Իսկ քանի դեռ իմ բուհն արարում ու ապրեցնում է երաժշտությունը, երկրումս միշտ թևածելու է ստեղծագործականության անսպառ ու հաղթական ոգին։
Կյանքը փորձառնության ու փորձությունների շղթա է. հետահայաց, ինձ համակում է այն ազնիվ բերկրանքը, որ համտեսել եմ իմ սիրելի բուհի պատերի ներսում, այն կյանքի ու դաշնամուրի դասերը, որոնցով անցել ենք ուսուցչիս՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հետ, ով մեր կոնսերվատորիայի հավերժ ջատագովն էր։ Այդ փորձառնությունն այսօր իմ արյան մեջ է, այն կոփել ու թրծել է ինձ։ Թո՛ղ մեր բուհի բոլոր սաներին միշտ համակի երախտապարտության այն թանկ զգացումը, որը ողջ հոգով տածում եմ իմ հարազատ կոնսերվատորիայի նկատմամբ։
Շնորհավո՛ր տարեդարձդ, հարազա՛տս։ »