44-օրյա պատերազմում անմահացած հերոսների զավակները մասնակցում էին «Ուրախացնելով ուրախանանք» նախաձեռնությանը. galatv.am
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA)  «Ուրախացնելով ուրախանանք»  հերթական նախաձեռնության մասնակիցները 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների երեխաներն էին: Նախաձեռնությունը սկսվեց Հովհաննես Թումանյանի թանգարան այցելությամբ, որտեղ մասնակիցները ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանը։ Երեխաներից յուրաքանչյուրը հիշեց հեղինակի իր սիրելի ստեղծագործությունը: 10 տարեկան Վարդան Խաչատրյանի ամենասիրելի ստեղծագործությունը «Շունն ու Կատուն» է, իսկ 11 տարեկան Միլենա Ավետիսյանը, ով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր,  շատ ոգևորված էր  առաջին անգամ թանգարան այցելությամբ: Մեզ հետ զրույցում փորձում էր համեմատություն անցկացնել Թումանյանի ծննդավայր Դսեղում գտնվող տուն-թանգարանի հետ։
Հեքիաթային ու բանաստեղծական տրամադրությամբ հաջորդ կանգառը ազգային ուտեստներին ծանոթացումն էր: «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիաայում երեխաներին  դիմավորեց Սեդրակ Մամուլյանը։ Զրուցելով նրանց հետ խոհարարն առաջարկեց միասին պատրաստել ազգային թխվածքաբլիթ՝ ասելիք-վասելիք։ Պատրաստելու եղանակը նույն էր, բայց յուրաքանչյուրն իր պատկերացումներն էր փոխանցում խմորին: Մամուլյանի վարպետության դասից հետո կազմակերպվեցին տարատեսակ խաղեր, որի ընթացքում նաև երեխաներն իրենց բարեմաղթանքներն էին գրում և նվիրում միմյանց։

Նախաձեռնության համակարգող Սևան Քելեշյանը կարևորում է նմանատիպ միջոցառումները. «մարդկանց մոտ բարության և հոգատարության հոգեվիճակ է ձևավորվում, մեկմեկու օգնելու, աջակցելու, ուրախացնելու: Մեր նախաձեռնությունները շարունակական են՝ երեխաներ, տարեցներ, երիտասարդներ, տարբեր թիրախային խմբեր են ներառվում ծրագրերում: Այս անգամ մեր փոքրիկներն են եղել ուշադրության կենտրոնում: Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր այն կառույցներին, որոնք անշահախնդիր աջակցում են մեր նախաձեռնությանը»:
Երեխաների համար տոնը ստացված էր. հագեցած ու զվարճալի օր ունեցան, ինչպես նաև ձեռքբերեցին նոր ընկերներ:

Երիտասարդական ակումբների դաշնությունը խրախուսում է այսօրինակ նախաձեռնությունները և բաց հարթակ է բոլորի համար։

Աղբյուր՝ galatv.am