Գյումրու նախկին քաղաքապետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ իր տեղեկություններով, Սպարտակ Ղուկասյանը գտնվում է ՀՀ-ում։
«ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բողոքը բեկանելուց ու Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո, Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել, ներկայում նա թաքնվում է վարույթ իրականացնող մարմնից: Միջոցներ են ձեռնարկում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,-ավելացրեց Գուրգեն Գրիգորյանը` նշելով, որ, ըստ իրենց ունեցած տեղեկությունների, վերջինս գտնվում է ՀՀ տարածքում:
Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 1-ին մասով։
Սպարտակ Ղուկասյանին 2021–ի օգոստոսին ձերբակալել էին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով, սակայն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ էր արձակել՝ չբավարարելով Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ նրան երկամսյա կալանքի վերցնելու միջնորդությունը։
Դատախազությունը բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը։
ՀՀ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 15-ին բավարարել էր դատախազության բողոքը եւ բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Կալանավորման որոշումից անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմինը մինչեւ այսօր չի կարող գտնել Ս․Ղուկասյանին։
Շարունակությունը՝
asparez.am