Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում ընթանում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Դատական նիստին ներկա էին մեղադրողը, պաշտպանները, ամբաստանյալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը: Վկաներից Էջմիածին քաղաքի բնակիչ Գևորգ Մեսրոպյանը, ով տարիներ շարունակ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ում աշխատել է որպես ինժեներ-տնտեսագետ, նշեց, որ ճանաչում է տիկին Նազիկ Ամիրյանին, և հավելեց, որ տիկինը ԲԲԸ-ում որոշ ժամանակ տնօրեն է եղել:
Գևորգ Մեսրոպյանը պատմեց, թե ինչպես են իր անունով մեքենա գրանցել, այնուհետև այն հանձնել «Երկրապահ կամավորական ջոկատին»:
«Մեր տնօրենը այդ ժամանակ Արման Գրիգորյանն էր՝ գեներալ Մանվելի փոքր տղան: Նա ասաց, որ բերեք ձեր անունով մեքենա ձևակերպենք: Հետո ձևակերպել են, ես տեղյակ չեմ եղել՝ ո՞վ ա վճարել, ի՞նչ են արել: Մեքենան ես տեսել եմ միայն գրանցման ժամանակ: Հետո մի փաստաթուղթ ստորագրեցի, որ մեքենան հանձնվում է «Երկրապահ կամավորական միությանը»՝ օգտագործման համար»,- պատմեց վկան՝ հավելելով, որ այն բոլորովին նոր մեքենա էր՝ ՈՒԱԶ մակնիշի:
Մեղադրող կողմի այն հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է, թե ինչու է այդ մեքենան գրանցվում նրա անունով, վկան նշեց՝ ոչ. «Պարզապես որպես տնօրեն ասեց՝ ձևակերպենք ձեր անունով. ես էդտեղ վատ բան չտեսա»:
Մեղադրող կողմի այն հարցին, թե մեքենան վկայի անունով ձևակերպելուց հետո, երբ տնօրենը առաջարկեց ստորագրել փաստաթուղթ՝ այն «Երկրապահ կամավորական միությանը» հանձնելու համար, արդյոք վկան դրա նպատակը հասկացա՞վ, նա պատասխանեց, որ ենթադրել է, որ մեքենան ծառայելու է միությանը, ոչ թե անձամբ նրանց:
Վկան նաև նշեց, որ ընկերության գրասենյակի տարածքում կային ավտոտնակներ՝ մեքենաներով: Ամբաստանյալի ներկայացուցչի այն հարցին, թե վկան ընկերությունում աշխատելու տարիներին երբևէ տեսե՞լ է Մանվել Գրիգորյանին՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ այցելելիս կամ մեքենաների հետ առնչվելիս, վկան պատասխանեց, որ չի տեսել այդպիսի բան. «Մեկ-մեկ գալիս էր, երևի ամիսը մեկ: Գալիս էր, ընդհանուր տարածքում էր պտտվում, մեկ-մեկ էլ օֆիս էր բաձրանում»:
Հարցին, թե արդյոք տեսե՞լ է նա, որ Արցախ պատերազմ տանելու համար այդ տարածքից մեքենաներ դուրս բերվեն, վկան նշեց, որ ինքը չի տեսել, սակայն իմացել է, որ մեքենաներ են ուղարկվում ռազմաճակատ, բայց չգիտի՝ որ տարածքից:
Հարցին, թե 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ժամանակ Մանվել Գրիգորյանը Արցախի Հանրապետությունից ե՞րբ է վերադարձել, վկան նշեց. «Տեղյակ չեմ, երևի պատերազմից հետո»:
Հարցին թե Մանվել Գրիգորյանի մտերիմներից պատերազմի ժամանակ շատե՞րն են մեկնել Արցախ, կամ շատե՞րն էին մնացել քաղաքում՝ նրա տղաներից, փեսաներից կամ հարազատներից, վկան նշեց. «Ինֆորմացիա ունեմ, որ ինքն իր ընկերների հետ մարդկանց տանում էր պատերազմ: Գիտեմ, որ տղաներից էլ են գնացել... գնացել են մարդիկ, իհարկե: Ինքը՝ որպես հրամանատար, բավականին տեղյակ լինելով ամեն ինչից, մարդկանց հետ գնացել է»:
Ամբաստանյալի փաստաբանի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մեքենան վկայի անունով է ձևակերպվել ու ԵԿՄ-ին հանձնվել այն պատճառով, որ ԵԿՄ ղեկավար կազմը տեղում չի եղել՝ եղել է Արցախում, և ստիպված այն ձևակերպվել է ինչ-որ մեկի անունով, որպեսզի հնարավոր լինի շահագործել, նա նշեց՝ «հնարավոր է»:
Մեղադրող կողմի այն հարցին, թե ԵԿՄ-ից որևէ մեկը ներկա եղե՞լ է մեքենան ԵԿՄ-ին հանձնելու փաստաթղթի ստորագրմանը, վկան նշեց, որ չի հիշում:
Սյուզի Սիրականյան