Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարությունից հետո, կառավարության շենքում անկարգություններ կազմակերպած անձանցից 2-ի՝ Անրի Սեդոյանի և Կարեն Մարությանի գործը։
Կարեն Մարությանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, ինչպես նաև, նախնական համաձայնության գալով Անրի Սեդոյանի հետ, ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելու և խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության համար:
Այսօր որպես վկա դատակոչվել էին հարցաքննության կառավարության աշխատակիցները։
Կառավարության թիվ 219 սենյակի աշխատակցուհի Անահիտ Շահբազյանն իր ցուցմունքը սկսեց հենց նոյեմբերի 9-ից. «Նոյեմբերի 9-ին ժամը 18։00-ին աշխատանքն ավարտել եմ՝ գնացել եմ տուն, երեկոյան հեռուստացույցից իմացա՝ ինչ է կատարվում, իսկ առավոտյան, եթե չեմ սխալվում, վարչության պետը զանգահարեց, ասաց՝ մեկ-երկու օր չգնանք գործի։ Երբ գնացել եմ աշխատանքի, իմ սենյակը մաքուր էր, կոկիկ, ամեն ինչ իր տեղում էր»։
Դատախազը հետաքրքրվեց, թե որտեղ է տիկնոջ աշխատասենյակը, ինչին ի պատասխան վկան նշեց՝ երկրորդ հարկի միջանքում՝ 219 համարի սենյակը, որտեղ նստում են 4 հոգով։
Դատախազի հարցին՝ արդյոք անձնական իրերից որևէ բան անհետացե՞լ է, Անահիտ Շահբազյանն ասաց. «Իմ անձնական իրերը չեմ թողնում աշխատասենյակում, բայց մի քանի օր անց իմ գործընկերներից մեկը՝ Անդրանիկ Մկրտչյանը, ասաց, որ շոր է եղել կախած, որն անհետացել է, թե երբ՝ չգիտենք»։
Ամբաստանյալ Անրի Սեդոյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հետաքրքրվեց՝ արդյոք տիկնոջը հայտնի է՞ իր հետ նույն սենյակում աշխատող Անդրանիկ Մկրտչյանի աշխատավարձը, քանի որ մեղադրանքում հափշտակված բաճկոնի մասին խոսք կա, որի համար բավական բարձր գին է նշված։ Տիկինն ընդգծեց, որ իր աշխատավարձից բարձր կլինի, քանի որ պաշտոնների տարբերություն կա, և Անդրանիկի պաշտոնն ավելի բարձր է, քան իր պաշտոնը։
Փաստաբան Արսեն Մկրտչյանի հարցին՝ քանի՞ օր չեք գնացել աշխատանքի, Անահիտ Շահբազյանն ընդգծեց, որ 15-20 օր հատատ չի գնացել աշխատանքի. «Բայց Անդրանիկն էլ չպնդեց, որ իր բաճկոնի անհետանալը հենց այդ օրվա դեպքերով է պայմանավորված։ Ծիծաղելով ասաց՝ էստեղ ոնց որ կոստյում ունեի կախված»։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքի այն մասը, որը համարեց հակասող դատարանում տված ցուցմունքին. «Դուք Ձեր նախաքննական ցուցմունքում գրել եք՝ մեր աշխատակից Անդրանիկ Մկրտչյանից տեղեկացել եմ, որ այդ օրը աշխատասենյակից հափշտակել են նրան պատկանող պիջակը։ Իսկ թե ինչ տեսք է ունեցել ու ինչ արժեքի է եղել պիջակը՝ ես տեղյակ չեմ»։
Տիկինն էլ պարզաբանեց. «Դե ծիծաղելով ասաց՝ կարող ա էդ օրն են տարել, ուղղակի իմ նախաքննական ցուցմունքում կատակի մասը չեմ նշել»:
Հաջորդ վկան Ալմաստ Ադամյանն էր՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետը, որը նույնպես նստում է 219 սենյակում. «Մոտ մեկ շաբաթ աշխատանքի չեմ ներկայացել։ Սենյակում նստում ենք 4 հոգով՝ Անահիտ Բադալյանը, Անահիտ Շահբազյանը, Անդրանիկ Մկրտչյանը և ես»։
Ալմաստ Ադամյանը պատասխանելով դատախազի հարցին՝ արդյոք նորմա՞լ է եղել աշխատասենյակում ամեն ինչ, երբ գնացել է աշխատանքի՝ նշեց, որ աշխատասենյակում նորմալ վիճակ էր, բայց դռներն էին վերանորոգում. «Տեղեկացանք, որ դռները կոտրել են, դրա համար վերանորոգում են»։
Դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք վկայի կամ իր գործընկերների իրերից որևէ բան անհետացե՞լ է։
«Բավականին հետո իմացել ենք, որ Անդրանիկ Մկրտչյանի կոստյումը չկա, բայց չգիտեինք՝ այդ օ՞րն է անհետացել, թե՞ ավելի ուշ։ Վարչությունում այդ մասին խոսակցություն կար, այդ ժամանակ եմ իմացել, ինքն անձամբ այդ մասին ինձ չի ասել։ Ես չեմ կարող հիշել բաճկոնը»։
Ավարտելով այսօր հրավիրված վկաների հարցաքննությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդգծեց, որ հաջորդ դատական նիստին կծանուցվեն մյուս վկաները, ու կապահովվի նաև տուժողների ներկայությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 19-ին ժամը 12։00-ին։