Հոկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ՝ Սիսիանի նախկին քաղաքապետ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: Այս մասին ֆեյսբուքյան էջում երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար, այն է՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:
Մասնավորապես՝ Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սիսիանի «Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:
Նախապես՝ մինչև այդ նպատակով գնման ընթացակարգեր նախաձեռնելը, պայմանավորված շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությամբ, համայնքապետի և նրա եղբոր՝ Ավետ Լավրենտի Սարգսյանի նախնական համաձայնությամբ արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ Ավետ Սարգսյանը մինչ մրցույթ հայտարարելն անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:
Այնուհետև՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարի՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ի № 594 (Ա) որոշմամբ ստեղծվել է «ՍՄՍՔ-ԲԸԱՀ-ԱՇՁԲ-9» ծածկագրով մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքապետարանի աշխատակիցներ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Գրետա Թունյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետներ՝ Նունե Գասպարյանը և Գոռ Մանուչարյանը, աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Միրզոյանը, իսկ քարտուղար է նշանակվել աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Աննա Կարապետյանը:
Հաջորդ օրը՝ 23.12.2016թ.-ին, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի՝ «armeps.am» կայքում, սակայն նշված համակարգ «Հիդրո» ՍՊԸ-ի կողմից մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ առաջանալու պատճառով Ավետ Սարգսյանի նախաձեռնությամբ և նրա փոխարեն գնմանը՝ 2016 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:55-ին, մասնակցության հայտ է ներկայացրել վերջինիս հետ փոխկապակցված՝ նրա ընտանիքի կնքահորը՝ Սեյրան Արիստակեսյանին, պատկանող «Արտաշատի ԷՑՇ» ՍՊ ընկերությունը: Ներկայացրած հայտին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար այդ ընկերությունն առաջարկել է 10.230.000 ՀՀ դրամ: Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:20-ին՝ մինչև հայտերի ներկայացման ժամկետի լրանալը, գնման հրավերի պահանջներին համապատասխան մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Գոռպլաստ» ՍՊ ընկերությունը, որին կից գնի առաջարկի համաձայն՝ մրցույթով նախատեսված աշխատանքները կատարելու համար վերջինս առաջարկել է 6.598.950 ՀՀ դրամ:
Արթուր Սարգսյանը կալանավորվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ մինչև պատգամավորի մանդատ ստանալը։ Քննչական կոմիտեն պարզել է, որ քաղաքապետը 2016-ին Սիսիանի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի գործով նախաձեռնել է, որ շինարարական աշխատանքների մրցույթը շահի ոչ թե ավելի էժան գին առաջարկած, այլ՝ Սարգսյանների ընտանիքի մերձավորին պատկանող ընկերությունը։ Իրավապահները հաշվել են, որ սրանով համայնքին պատճառվել է ավելի քան 3 միլիոն դրամի վնաս։
Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել այսօր գիշերը, ժամը 3-ից հետո, երբ գրավը վճարվել է։