Այսօր Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն իր խոսքում Ադրբեջանի կրակային ակտիվությունը պայմանավորեց միջազգային հանդիպումներով և տարածաշրջանային հեռանկարներով։ Նա նշեց, որ պետք է կարողանալ հասկանալ՝ ինչո՞ւ են հանդիպումներից առաջ և հետո տեղի ունեցել Ադրբեջանի կողմից սադրանքները։
Նրա խոսքով՝ հանդիպումներից առաջ կրակային ակտիվացումը ճնշման լծակ է՝ հանդիպումների համար։ Դրանցից հետո կրակային ակտիվացումը դժգոհությունն է՝ հանդիպումների եզրահանգման դեմ։
«Ինչ վերաբերում է բուն հանդիպումներին, մենք տեսնում ենք, որ բազմաթիվ են խաղացողները, որոնք ներգրավված են թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, և սա ցույց է տալիս, որ այս միջազգային հանդիպումները ենթադրում են 3 իրար հաջորդող փուլեր»,- նշեց Օրդուխանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ առաջինը տրամադրությունների շոշափումն է կողմերի միջև, երկրորդը՝ դիրքորոշումների ճշգրտումը և դիրքավորումը, և երրորդն արդեն գործողությունների ձեռնարկումը։ Այս ամենի համատեքստում ձևավորվում է գեոստրատեգիական երկու աղեղ՝ մեկը Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աղեղն է, մյուսը՝ Իրան-Հայաստան-Հնդկաստան-Վրաստան աղեղը։
«Երբ մենք ուշադիր ենք նայում այս աղեղներին, տեսնում ենք, որ դրանք ունեն մեկ հատման կետ, և դա Հայաստանն է, մասնավորապես Սյունիքն ու Մեղրին։ Հետևապես այստեղ էլ կարևորվում է Հայաստանի դերն ու նշանակությունը՝ գեոստրատեգիական իմաստով։ Պատահական չէ, որ Հայաստանով հետաքրքրված են գրեթե բոլոր սուբյեկտները»,- նշեց նա։
Պարոն Օրդուխանյանի խոսքով՝ նա պատահաբար չէ, որ այս աղեղներում չի նշում Ռուսաստանին, քանի որ, ըստ նրա, այն որևէ աղեղի մասնակից կամ շարունակող չէ. «Ռուսաստանը այդ աղեղները հատման կետում վերահսկելու հավակնություն ունի, և բնականաբար խոսքը վերաբերում է Սյունիքին»։
Ըստ նրա՝ Ադրբեջանի նպատակը զիջումների դիմաց Հայաստանին իր պատկերացրած խաղաղությունը պարտադրելն է. «Այս տեսանկյունից Ադրբեջանը շարունակելու է սադրել, և իր քաղաքականությունը մեզ համար արդեն պետք է կանխատեսելի լինի։ Եթե մենք չկարողանանք կանխատեսել, չենք կարողանա նաև կանխարգելել»։
Քաղաքագետն ընդգծեց, որ պետք է կանխատեսել ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի գործողությունները, որը ֆիզիկապես՝ ռազմական իմաստով, ներկա է Արցախում:
«Մենք պետք է շատ լավ հասկանանք նրանց գործողությունների կանխատեսումը, և իհարկե սրա համար կան քաղաքագիտական մեթոդներ»,- ասաց պարոն Օրդուխանյանը։