Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստեփան Սաֆարյանը բարի գալուստ մաղթեց «Հանուն Հանրապետության» կուսակցությանը հանուն հանրապետության պայքարի այս հանգրվանում. «Նաև մեր ինստիտուտ հաճախելու և նրա ծառայություններից օգտվելու պատրաստակամության համար»:
Նա նշեց, որ աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, որտեղ քաղաքականությունը կառուցվել է խելքի, ծրագրերի, ռազմավարական մտքի վրա, քաղաքական կուսակցությունները արդեն վաղուց՝ մի քանի տասնամյակ, հասկացել են ոչ ֆորմալ կրթության նշանակությունը սեփական կուսակցության ակտիվի կարողությունների զարգացման, քաղաքական փորձառության ավելացման և քաղաքական իրադարձություններում հաջող մասնակցության գործում. «Ընդ որում, այն կուսակցությունները, որոնք ունեցել են ֆինանսական և այլ կարողություններ, նույնիսկ սեփական ինստիտուտներ են հիմնադրել, որոնք ավանդաբար պատրաստում, վերապատրաստում են կուսակցության գործիչներին»:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ինքը չի հիշում հայ իրականության մեջ նման մի դեպք, երբ կուսակցությունն իր նախաձեռնությամբ նման քայլի գնա. «Ես ուրախ եմ պատվի համար և հուսով եմ, որ ինչպես մեր ծրագրերը նպաստել են մեր բազում շրջանավարտների մասնագիտական աճին, սա լուրջ նպաստ կլինի նաև ձեր կուսակցության քաղաքական կենսագրության համար»:
Նրա խոսքով՝ մեր հետազոտական կենտրոնները, քաղաքական կուսակցությունները երբևիցե չեն կարևորել քաղաքական միտքը, և արդյունքները չափազանց վատ առումով շատ տեսանելի են:
Հիշեցնենք, որ այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ հանձին կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի, և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը՝ հանձին հիմնադիր և ղեկավար Ստեփան Սաֆարյանի, ստորագրելու են Համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները, քաղաքական խորհրդի անդամները, ակտիվիստները ՄԱՀՀԻ-ում կանցնեն ժողովրդավարության դպրոցի դասընթացներ: