«Հայաստան» խմբակցության հոտնկայս ծափերի ներքո Ազգային ժողովում այսօր պատգամավորի երդում տված «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի պատգամավորական գործունեությունը կարող է շատ կարճ կյանք ունենալ։
Civic.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ Սարգսյանի կալանքից ազատ արձակման որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխության որոշման դեմ։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առիթով։
Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ Ավետ Սարգսյանին, որը Արթուր Սարգսյանի եղբայրն է, Սեյրան Արիստակեսյանին, Գոռ Մանուչարյանին, Գրետա Թունյանին, Նունե Գասպարյանին, Վարդան Իվանյանին։ Արթուր Սարգսյանի և քրեական գործով մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 ՀՀ դրամ գումար, այդ կերպ՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս։
Այսքանով հանդերձ Արթուր Սարգսյանը պատրաստվում է դեռ առաջիկա ՏԻՄ ընտրություններին «քավոր կանգնել», սատարել Կապանում առաջադրված Գևորգ Փարսյանին։