3 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատական նիստին․ ըստ պաշտպանի՝ Քոչարյանը կրկին քովիդի կասկած ունի․ դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառքի գործով հերթական դատական նիստը։

Նիստին ներկա չէին Արմեն Գևորգյանի պաշտպան Կոչուբաևը՝ այլ դատական նիստի լինելու պատճառով և Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի, կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ Քոչարյանի հարազատներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, իսկ Ռոբերտ Քոչարյանը շփումներ է ունեցել այդ հարազատի հետ։ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան կովիդի թեստ է հանձնել։ Ալումյանը խնդրեց դատարանին կա՛մ հետաձգել դատական նիստը՝ մինչև թեստի պատասխան ստանալը, կա՛մ, եթե Դատարանի մերժի, ապա Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է 15 րոպեի ընթացքում ներկայանալ Դատարան։

Հայկ Ալումյանը նշեց նաև, որ ստացել է հաղորդագրություն, որ Ռոբերտ Քոչարյանի թեստի պատասխանը հայտնի կլինի այսօր երեկոյան։ 

Մեղադրող դատախազը նշեց, որ միայն կոնտակտավոր լինելը՝ առանց ախտանշանների, բավարար պատճառ չեն նիստը հետաձգելու համար։ Բայց, եթե կան համապատասխան ախտանշաններ, ապա դա այլ հարց է։ 

Հայկ Ալումյանը տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը ունի կովիդին բնորոշ ախտանշաններ։ Դատախազը իր խոսքում նշեց, որ հայտարարությունները ստուգման ենթակա չեն և իրենք վստահում են Հայկ Ալումյանի խոսքին։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հետաձգեց դատական նիստը մինչև նոյեմբերի 9-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանք է ներկայացվել, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման:

Հիշեցնենք նաև, որ համաձայն Datalex դատական տեղեկատվական համակարգում առկա մեղադրական համառոտ եզրակացության Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։