ԶՊՄԿ գույքը հափշտակելուն օժանդակելու և ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ԶՊՄԿ անվտանգության նախկին ղեկավարն ազատ է արձակվել գրավի դիմաց

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին խոշոր չափով կաշառք տալու միջոցով ԶՊՄԿ 65 մլն դրամի գույքը հափշտակելու գործով դատվող ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանը, որն ի պաշտոնե պետք է այդ գույքը պահպաներ, երեկ գիշեր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 20 մլն. դրամ գրավի դիմաց։ 

Նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էր ենթարկվել հուլիսի 14-ին՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Այնուհետև դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել:

Քրեական գործը քննվում է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորը Բորիս Բախշիյանն է։ ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ նախկին փոխգնդապետը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 65,4 մլն դրամի գույքը հափշտակելուն օժանդակելու մեջ՝ գործով անցնող այլ անձանց հետ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու գործով:

Բացի դա, նա նաև մեղադրվում է ընտրական իրավունքի խոչընդոտման համար։ Արամ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը:

 Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Մերուժանի Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության և քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

 Արամ Գասպարյանը պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Եղիազարյանից և ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի ավագ մասնագետ Արամայիս Հարությունի Պողոսյանից ստացել և առանց անձանց համաձայնության հավաքել ու պահել է նրանց վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ:
Արամ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրի 35-149 հոդվածի 2-րդ մասի 4 և 5 կետով, 38-308 հոդվածի 1-ին ամսով, ինչպես նաև՝ Քրօրի 144 հոդվածով։ 

Նշենք, որ այս գործով Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի նոյեմբերի 18-ից ստանձնելով Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով իրավասու լինելով օրենքով սահմանված կարգով նշանակել և ազատել աշխատակազմի քարտուղարին, համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանել համայնքի շենքերի և շինությունների համարակալումը, օրենքով սահմանված կարգով հսկողություն իրականացնել առևտրի և հանրային սննդի ոլորտում, տալ ոգելից խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրանքի իրացման, համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման ու այլ թույլտվություններ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված կարգով փոխելու և սահմանելու հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, վերահսկողություն իրականացնելու հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների, հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, ունենալով համայնքապետարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու, գույքն ու ֆինանսական միջոցները տնօրինելու և օրենքով սահմանված սեփական այլ լիազորություններ, օժտված լինելով կազմակերպական, վարչատնտեսական գործառույթներով՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, ցուցումներով, խոչընդոտները վերացնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը պարտակելու եղանակներով Արմեն Ռոբերտի Անդրեասյանին օժանդակել է հափշտակել Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի Լեռնագործների 18 հասցեում գրանցված մոլիբդենային, պղնձի և այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու հարստացմամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 65, 403, 333 ՀՀ դրամ գույքը, Նվեր Մկրտչյանի և Քաջարանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ռուշանի Ազարյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար:

Բացի այդ, Մանվել Փարամազյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ժորայի Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի՝ դեռևս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, շահադիտական դրդումներով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով և կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով 2018-2019 թվականների ընթացքում կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
 
Դրանից բացի, Մանվել Փարամազյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, Քաջարանի համայնքապետարանի՝ աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարող Ռոզա Ժորայի Ստեփանյանի, նույն համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրապ Տիգրանի Առաքելյանի, ինչպես նաև Քաջարանի համայնքապետարանի՝ դեռևս ինքնությունները չպարզված այլ աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափերով գումարի /գույքի/ յուրացում: