Փոխհամայնքապետերի կողմից Գորիս համայնքին էական վնաս հասցնելու գործով դատական նիստը հետաձգվեց
Երեկ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս նստավայրում Դատավոր Բորիս Բախշյանի նախագահությամբ կայացավ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի, համայնքապետի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի և համայնքապետարանի նախկին և ներկա այլ աշխատակիցների գործով դատական նիստը։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Համաձայն մեղադրանքի ամբաստանյալների գործողությունների արդյունքում Գորիս համայնքին պատճառվել է էական վնաս։

Պաշտպանները իրենց խոսքում նշեցին, որ իրենց համար հասկանալի չէ, թե ո՞րն է էական վնասը, քանի որ մեղադրանքում այն գրված չէ։ 
Դատավորի՝ մեղադրող դատախազ Արման Նշանյանին ուղղված հարցին, թե Ձեզ համար տարակուսանք չի՞ առաջացնում հանգամանքը, որ մինչդատական քրեական վարույթ իրականացնող քննիչը Գորիս համայնքին տուժող չի ճանաչել, այն դեպքում, երբ մեղադրանքում հստակ նշված է, որ Գորիս համայնքին պատճառվել է էական վնաս, Արման Նշանյանը պատասխանեց․ «Հարգելի Դատարան, այդ հանգամանքը դեռևս խոչընդոտ չէ հետագայում Գորիս համայնքին տուժող ճանաչելու համար»։

Դատավոր Բորիս Բախշյանն ինքը նախաձեռնեց Գորիս համայնքին տուժող ճանաչել։ Պաշտպանական կողմը, սակայն, առարկեց։

Դատական նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի դեկտեմբերի 10-ին, ժամը 15։00-ին։