ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար․ քրեական գործով հնչել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի անունը
Civic.am-ին Datalex դատական տեղեկատվական հարթակից հայտնի դարձավ, որ 2012-2018 թվականներին Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանի որդուն՝ Նվեր Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս  2019թ․ օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետև՝ Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում, ապա նաև շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

2019 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Մուրադի Մուրադյանը բարոյականության նորմերի և մարդկային համակեցության կանոնների նկատմամբ անթաքույց արհամարհանքով, շրջապատին հակադրվելու, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, ակնհայտ աննշան վիրավորանքի համար պատժելու ցանկությամբ, չնչին առիթով՝ Նարեկ Սարգսի Խաչատրյանի կողմից Արմեն Արարատի Ղազարյանին «արա ախպերս» ձևով դիմելու պատճառով, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, անցորդների ներկայությամբ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, աղմկել և բռնություն է գործադրել Նարեկ Սարգսի Խաչատրյանի նկատմամբ՝ ձեռքով հարվածելով նրա դեմքի շրջանին: Հասարակական կարգի խախտումը խափանող՝ Արմեն Արարատի Ղազարյանը, Անդրանիկ Մելիքի Դավթյանը, Իշխան Հրաչյայի Ստեփանյանը և գործով ինքնությունները չպարզված այլ անձինք Նվեր Մուրադյանի կողմից Նարեկ Խաչատրյանին հարվածելուց հետո, բռնել են Նվեր Մուրադյանի ձեռքերից, գրկել և փորձել հեռացնել, սակայն Նվեր Մուրադյանը, դիմադրություն է ցույց տվել վերջիններիս, այն է՝ հրել, փորձել ազատվել նրանց ձեռքերից, մոտենալով վիճաբանության մասնակիցներին ու շարունակել իր խուլիգանական գործողությունները:

Միջադեպից հետո ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Նվեր Մուրադյանը բերման է ենթարկվել Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ շարունակել է ցուցաբերել նույն վարքը և դիմադրել իրավապահներին։

Համաձայն datalex դատական տեղեկատվական հարթակի, Նվեր Մուրադյանն իրեն մեղավոր չի ճանաչել և իրավապահներին ցուցմունք տվել, որ դեպքի օրն իր հյուրերի հետ գտնվել է «Հուկա ման» ակումբում, քանի որ գինովցած է եղել, խնդրել է իր ընկերներին մոտենալ՝ իրեն պատկանող ավտոմեքենան վարելու համար: Արմեն Ղազարյանն (Պզո) իր հյուրերի կազմում չի եղել, սակայն նրան տեսել է ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ակումբում որևէ անձի հետ տարաձայնություններ չի ունեցել, «Դոլյա վառավսակայա» երգն ակումբում հնչել է, սակայն ինքն այն չի պատվիրել, երգեր պատվիրելու կապակցությամբ վեճի առաջացումը բացառում է: Իր հյուրերին ճանապարհելուց հետո դուրս գալով ակումբից՝ նկատել է հավաքված մի խումբ մարդկանց, հետաքրքրասիրությունից դրդված ցանկացել է մոտենալ և հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն իր ընկերները համոզել են՝ չմոտենա: Դրսում ոչ-ոքի չի քաշքշել կամ հարվածել, հայհոյանքներ չի հնչեցրել: Այնուհետև հիշել է, որ իր երկու հեռախոսներից մեկը թողել է բարում, վերադարձել է՝ այն վերցնելու նպատակով, ինչից հետո դուրս է եկել: Դրանից հետո իրեն են մոտեցել պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր, առանց ձեռնաշղթաներ կիրառելու, իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ճանապարհին եղել է վրդովված՝ բերման ենթարկելու հետ կապված, քանի որ չի հասկացել իրեն բերման ենթարկելու պատճառը: Բաժնում հայհոյանքներ է հնչեցրել, ինչի համար իրեն անհարմար է զգում, սակայն իր նշելով նման վարքի պատճառներն այնտեղ նկարահանված տեսանյութից հասկանալի է: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ ոքի չի հարվածել, Հյուիսիային պողոտայում խուլիգանական գործողություն չի կատարել: 

Նվեր Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին գործը մտել է դատարան։ Դատավոր է նշանակվել Դավիթ Բալայանը։

2021 թվականի սեպտեմբերի 15-ին Դատավոր Բալայանը դռնբաց նիստում Նվեր Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեված արարքում , սակայն՝ ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Դատական ծախսերի հարցը համարել է լուծված:

Նվեր Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը` չհեռանալու մասին, և նրա կողմից ՀՀ պետական սահմանը հատելու արգելքը վերացվել: