«Տարածված տեղեկատվությունը հերյուրանք է»․ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն հերքում է ընկերության աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին ՄԻՊ ահազանգը
Օրերս, Մարդու Իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջով անդրադարձել էր Կապանում տեղի ունենալիք ընտրություններին և մի շարք ահազանգեր հնչեցրել, համաձայն որոնց, ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի կողմից ճնշումներ են գործադրվում քաղաքացիների վրա՝ սատարելու համար ուժերից որևէ մեկին։

Civic.amանդրադարձել էր ՄԻՊ ահազանգին և կապվել այն գերատեսչությունների, ընկերությունների հետ, որոնք, ըստ ՄԻՊ ահազանգի, փորձել են խախտել մարդկանց ընտրական իրավունքը։

Ահազանգերից մեկը վերաբերվում էր Կապան քաղաքում գործող «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությանը։ ՄԻՊ-ը գրել էր, որ ընկերության մի քանի աշխատակիցներ ահազանգել են, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում և այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:

«Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի օգտին բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով», - ասված էր ՄԻՊ ահազանգում:

Ընկերության հետ կապ հաստատել մեզ չէր հաջողվել, որից հետո գրավոր հարցում էինք ուղարկել ընկերության համապատասխան բաժին։ 

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, ընկերությունից հայտնեցին, որ ընկերության  ղեկավարության կողմից որևէ ճնշում չի գործադրվել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում։ 

«Ավելին` մեզ հայտնի չէ տվյալ աշխատակիցների նկատմամբ ընկերությունում  ճնշումներ գործադրելու որևէ դեպք։ Տարածված տեղեկատվությունը հերյուրանք է, և իրականության հետ որևէ աղերս չունի»-, ասված է պատասխանում։

Ընկերությունից Civic.am-ին տեղեկացրին նաև, որ որևէ աշխատակից  քաղաքական հայացքների համար աշխատանքից չի ազատվել։

Միևնույն ժամանակ, ընկերությունից նշում են, որ «Շանթ դաշինքում» ընդգրկված ավագանու թեկնածու աշխատակիցները նախապես ընկերության ղեկավարին են ներկայացրել մինչև քվեարկության օրը աշխատանքից բացակայելու կամ չվճարվող արձակուրդ տրամադրելու դիմում, ինչին առանց որևէ խոչընդոտի ընթացք է տրվել։ 

Միաժամանակ, համաձայն «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի պատասխանի, իրականությանը չի համապատասխանում հայտարարությունն առ այն, որ հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում:

Վովա Հակոբյան