Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումը՝ բավարարելով ՔՊ-ի հայցը
2021թ. դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում սպասվող ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էին չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ախուրյան», «Իկիլիկյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքները։ 

Ըստ «Ընտրական օրենսգրքի» սահմանումների՝ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում պետք է լինեին Ախուրյան համայնքը կազմող 35 բնակավայրերից առնվազն 18 բնակավայր ներկայացնող թեկնածուներ, մինչդեռ «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ներկայացրած ընտրացուցակում ընդգրկված էին 14 բնակավայրեր ներկայացնող թեկնածուներ։ Այս հիմքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի, նոյեմբերի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ Ախուրյան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին որոշումը և «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։ 

Պատասխանող կողմերն էին՝ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովը և «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը։

Վարչական դատարանը նոյեմբերի 17-ին բավարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արուսյակ Մանավազյանի հայցը։ Ըստ Դատարանի վճռի՝ անվավեր է ճանաչվել թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 3-ի «Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու համար «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին» թիվ 13-Ա որոշումը և Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցելու համար «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը:

Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել նոյեմբերի 17-ից։

Այսպիսով 2021թ. դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում սպասվող ավագանու ընտրություններին չորս քաղաքական ուժերի փոխարեն կմասնակցեն երեքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ախուրյան» և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքները։