Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Կիմ Բալայանի նախագահությամբ, շարունակվում է Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Տարոն Ավետիսյանի և Գևորգ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Այսօրվա նիստում հարցաքննվեց գործով անցնող մի վկա, որը զբաղվել է կահույքի արտադրությամբ, և որի որդին Տարոն Ավետիսյանի ընկերն է։ Վկան պատմեց, որ արտադրամասի հարցերով թեև զբաղվել է ինքը, բայց որպես տնօրեն ձևակերպված է եղել իր որդին։ Այնուհետև վկան նշեց, որ Տարոնը դիմել է իրեն, որ լիազորագիր տա իրեն, որպեսզի մասնակցի մրցույթներին, և քանի որ իրենց ընկերությունը վաղուց է գործում և արդեն անուն ունի, այդ պատճառով մրցույթներին մասնակցությունն ավելի հեշտ կլինի։
«Տարոնին տալու իմաստն այն էր, որ եթե մի երկու տարի չես աշխատում, էլ չես կարողանում մրցույթների մասնակցել։ Աշխատած ընկերություն պետք է լինի, որպեսզի մրցույթներին մասնակցես. նաև դա էր պատճառը։ Հիմա ընկերություն ես բացում, գնում ես մրցույթին մասնակցում ես, էլ չեն հարցնում՝ ով ես, ինչ ես, ում բարեկամն ես, նախկինում ինչ ես արել, ինչ չես արել»,- ասաց վկան։
Դատավոր Կիմ Բալայանն էլ ասաց հետևյալը. «Հա, ոնց որ պաշտոնի են նշանակում, չեն նայում՝ ով ես, ինչ ես»։ Դատավորի այս դիտարկմանը վկան ասաց, որ իշխանությունը կապ չունի, և խնդիրը օրենք գրողների մեջ է։
Դատախազի հարցին, թե իրենց արտադրության հաշվապահական ծառայություններն ով էր իրականացնում, վկան ասաց, որ ծառայությունները մատուցել է այն ընկերությունը, որտեղ Տարոն Ավետիսյանն է աշխատել։
«Պիտի ուրիշին տայի, տվել եմ իմ հարազատին։ Տարոնն ինքն էլ ֆիրմա ուներ, բայց մրցույթներին չէր կարողանում մասնակցել, որովհետև պատմություն չուներ»,- ասաց վկան։
Դատախազի մեկ այլ հարցին, թե ինչ խնդրանքով էր Տարոնը դիմում իրենց, վկան պատասխանեց, որ դիմել է միայն մրցույթներին մասնակցելու համար:
Իսկ հարցին, թե վկան Տարոն Ավետիսյանից պարզաբանում ստացե՞լ է, թե իրեն ինչու են կանչել ԱԱԾ հարցաքննության, վկան ասաց, որ խոսել է, և Տարոնն ասել է, որ իրենք ցանկացել են այնպես անել, որ բոլորը կարողանան մրցույթներին մասնակցել, և դա է եղել պատճառը, իսկ նախկինում մրցույթներն այնպես էին գրում, որ իրենց ուղղորդեն դեպի կոնկրետ ինչ-որ մի ֆիրմա։