Տուժողներ կան, որոնց իրավունքները կրկին խախտվում են․ դատախազը՝ Մարտի 1-ի գործը կարճելու մասին

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց «Մարտի 1-ի» գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքների քննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում մեղադրողը ներկայացրել էր միջնորդություն ՍԴ դիմելու հարցով՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հոկտեմբերի 21-ին կայացրած «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի որոշմանը ընդդեմ ՀՀ-ի և քննության առարկա էր դարձրել այն հանգամանքը, թե արդյոք այդ վճռի թարգմանությունը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ։ Այսօր այդ քննարկումը շարունակվեց, պաշտպանական կողմը կարծում է, որ թարգմանությունը պաշտոնական չէ, իսկ դատախազությունն ասում է, որ այն ստացվել է արդարադատության նախարարության կողմից և պաշտոնական է։  

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ օրերին, որը մեղադրանքի հետ կապ ունի, այն հաստատված է ԵԴ-ի վճռով մինչև այս որոշումը։ 

«Մենք սրանով որևէ փաստ հաստատելու ցանկություն չունենք, մենք ասում ենք ընդամենը, որ այն ինչ որ ժամանակին ԵԴ-ն ճանաչել էր, արձանագրել էր, որ ցույցերը եղել են խաղաղ և այլն, այս որոշմամբ ճանաչվել է այդ ընթացքում թույլ տրված 6-րդ հոդվածի խախտում։ Արձանագրվել է, որ այս պրոցեսում խախտված իրավունքներ են եղել, և պետությունը դատարանի մատչելիություն չի ապահովել։ Դա պրոյեկտում ենք այս գործի վրա այնքանով, որքանով այս գործով տուժողներ կան, որոնց իրավունքները չեն երաշխավորվում և չերաշխավորվելու պայմաններում նորից խախտվում են։ Գործով տուժողներ կան, եթե նրանց շահերը չպաշտպանվեն, իրավական մեխանիզմներին դիմելու չնչին հնարավորություն էլ լինի և պետությունը չդիմի, վաղը դրանով էլ է խախտում ճանաչվելու»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատախազը նաև նշեց, որ այդ թարգմանությունը հրապարակված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության կայքում։ Սակայն պաշտպանության կողմի համար դա բավարար չէ, և այսօր ողջ օրվա ընթացքում նրանք քննարկում են այդ տեխնիկական հարցը։