Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում էր «Մարտի 1-ի» գործը կարճելու դեմ դատախազության ու տուժողների բողոքների քննությունը։
Այսօրվա նիստում քննարկվում էր մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունը, որով նա միջնորդում էր դատարանին դիմել ՍԴ՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հոկտեմբերի 21-ին կայացրած «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի որոշմանը ընդդեմ ՀՀ-ի, և քննության առարկա էր դարձել այն հանգամանքը, թե արդյոք այդ վճռի թարգմանությունը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ։ Պաշտպանական կողմը կարծում է, որ թարգմանությունը պաշտոնական չէ, իսկ դատախազությունն ասում է, որ այն ստացվել է արդարադատության նախարարության կողմից և պաշտոնական է, բացի դրանից, այն հրապարակված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության կայքում։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, հայտնելով իր դիրքորուշումը ներկայացրած միջնորդության վերաբերյալ, ասաց, որ իրականում օրենքը շատ տրամաբանական է՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից և նաև դատարանները, ամեն մեկը ունեն մի շանս՝ դիմելու ՍԴ, դատախազությունն այդ շանսն ուներ, երբ որ գործը քննվում էր նախաքննության ընթացքում։
«Երբ մենք նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր եղանակներով, անգամ լրատվամիջոցներով և ասուլիսներով, էլ չասած մեր միջնորդությունների վերաբերյալ, փորձում էինք դատախազությանը ցույց տալ, որ 300,1 հոդվածը հակասահմանադրական է, այդ ժամանակ դատախազությունն ուներ շանս դիմելու ՍԴ, և այդ ժամանակ կարող էր որոշվել, որ օրենքը Սահմանադրությանը հակասող է, և նախաքննության ընթացքում չկա որևէ խնդիր դատախազության համար։ Եվ հիմա, երբ որ դատախազությունն արդեն դատարանում է, փորձում է իր ստեղծած պրոբլեմը դատարանի ձեռքով լուծել»,- ասաց Ալումյանը։
Նա նշեց, որ դատախազությունն այդ փուլն արդեն բաց է թողել ու բաց է թողել սեփական անբարեխղճության պատճառով։ Վերջինս ասաց, որ ոչ մի դատախազի իր ասածը առանձին-առանձին չի ուղղում, բայց դատախազությունը, որպես մարմին, գտնվել է կամ ոչ պրոֆեսիոնալ, կամ ոչ բարեխիղճ, եթե չի տեսել այն, ինչ որ ՍԴ-ն վերջում ցույց տվեց։
Ալումյանի դիրքորոշմանը դատախազները ցանկացան արձագանքել, բայց Հայկ Ալումյանն ասաց, որ եթե մեղադրողներն արձագանքեն, ինքն էլ է արձագանքելու, նույնը ասաց նաև դատարանը՝ նշելով, որ դատախազությունն իր միջնորդությունն արդեն ներկայացրել է։
Ի պատասխան՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց հետևյալը. «Մեզ բավարար է, որ պարոն Ալումյանը այդ աստիճան չի ուզում, որ մենք արձագանքենք, մենք հրաժարվում ենք»։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ անդրադառնալու ներկայացված միջնորդությանը։
Որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 17.00-ին։