ՄԻԵԴ-ը կարող է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ գերեվարված զինծառայողների իրավունքների վերաբերյալ ՀՀ դիմումի հիման վրա
Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կարող է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառել ՀՀ-ի բողոքի հիման վրա, որով Հայաստանը պահանջում է պաշտպանել նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների իրավունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԻԵԴ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
«Դատարանը ստացել է 39 կանոնի կիրառման դիմումը 33 հայ ենթադրյալ գերիների նկատմամբ։ 28-ը ներառված է ՀՀ կառավարության կողմից միջպետական դիմումի մեջ, 5-ը՝ անհատական բողոքներում՝ ենթադրյալ գերիների հարազատների կողմից ուղարկված»,- ասվում է ՏԱՍՍ-ին ուղղված դատարանի պատասխանում։ Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 5 անհատական բողոքների հիման վրա դատարանը 39-րդ հոդվածի դրույթները կիրառել է։
«Մնացյալ 28 ենթադրյալ գերիների մասով՝ Հայաստանի կառավարության կողմից ներկայացված, դատարանը քննարկումը հետաձգել է և Ադրբեջանի ու Հայաստանի կառավարություններից տեղեկատվություն պահանջել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դատարանի 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կարող է միջանկյալ միջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ ցանկացած պետության նկատմամբ։