Եթե ԳՇ-ն ունի վարչապետի արձակած «դավաճանական հրաման», պարտավոր է հրապարակել, հակառակ դեպքում՝ ինքն է պատասխանատուն․ Վահրամ Աթանեսյան
Civic.am-ը ԳՇ խնդրի, ներքաղաքական իրավիճակի մասին, զրուցեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ, որն այս պահին գտնվում է Ստեփանակերտում։

Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում ԳՇ հայտնի հայտարարությունը, և ինչպիսի՞ն պետք է լինի խնդրի հանգուցալուծումը։

Դժվար է ասել, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ ինչպես Սահմանադրությունն է ասում, Գլխավոր Շտաբը, գտնվելով կառավարության ենթակայության ներքո, իրավասու չէր պահանջել վարչապետի հրաժարական, որովհետև դա կարող է նաև նախադեպ ստեղծել։ Հաջորդ վարչապետն էլ կարող է խնդիրներ ունենա ԳՇ հաջորդ պետի հետ։ Հետո, պատերազմի հետևանքների համար առաջին պատասխանատուն գեներալիտետն է, Գլխավոր շտաբն է, որովհետև պատերազմը վարել է Գլխավոր Շտաբը։ Ես այն կարծիքին եմ, որ եթե Գլխավոր Շտաբը ունի վարչապետի կողմից արձակված դավաճանական հրաման, այսինչ դիրքը զիջելու կամ այսինչ ռազմագործողությունը այնպես իրականացնելու, որպեսզի հաջողությունը հակառակորդինը լինի, ապա իրենք պարտավոր են դա հրապարակել, չթաքնվել ռազմական գաղտնիք հասկացության տակ, որովհետև պարտությունից հետո ի՞նչ ռազմական գաղտնիք։ 

Իսկ եթե նման բան լիներ, ԳՇ-ն չպե՞տք է այդ հայտարարությունը ավելի շուտ աներ։

Դա ես մի կողմ եմ թողնում, թե ի՞նչ է կատարվել այդ 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ես ասում եմ, եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետ Փաշինյանից գրավոր կամ բանավոր հրաման է ստացել, օրինակ՝ Ջաբրայիլում զորքը կոտորածի ենթարկելու կա՛մ Շուշին հանձնելու, կա՛մ Հադրութը հանձնելու մասին, ապա Օնիկ Գասպարյանը պարտավոր է այդ հրամանը հրապարակայնացնել։ Եթե կա այդպիսի հրաման։ Եթե չկա, ապա ինքը հավասարապես պատասխանատու է պատերազմական անհաջողությունների համար։ Ես դեռ չեմ ասում, որ պատերազմի օրերին Օնիկ Գասպարյանը պետք է կտրուկ հայտարարությամբ հանդես գար, այն ժամանակ պահանջեր վարչապետի հրաժարականը, այն ժամանակ իրականացներ ռազմական հեղաշրջում։ Պատերազմի փուլում դա կարդարացվեր։ Եթե նա հայտարարեր, որ վարչապետը անգործունակ է, վարչապետը ռազմական գործից չի հասկանում, վարչապետը խանգարում է մեզ պատերազմ վարել և այլն, և եթե վերցներ ամբողջ պատասխանատվությունն իր վրա, ապա դա այն ժամանակ հասկանալի կլիներ։ 

Իսկ դուք ԳՇ այս հայտարարության մեջ քաղաքական դրդապատճառներ տեսնու՞մ եք։ Հնարավո՞ր է, որ այս հայտարաության թիկունքում ինչ-որ քաղաքական ուժեր են կանգնած կամ դրսից ինչ-որ ուժեր։ 

Գիտե՞ք՝ դա անզեն աչքով էլ տեսանելի է։ Դա ես չպետք է ասեմ։ Եթե հարթակին կանգնած՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ «մենք պահանջեցինք, և բանակը կանգնեց մեր կողքին», ապա այստեղ երկրորդ տեսակետ լինել չի կարող։ Գլխավոր շտաբը  կատարել է քայլ, որից հետո չի հաշվարկել, թե ինքը ի՞նչ պետք է անի։ Որովհետև, երբ պահանջում ես հրաժարական և ոչինչ չես անում, դա էլ արդեն բոլորովին այլ ենթադրությունների է մղում, որ գոյություն ունի ինչ-որ մի երրորդ ուժ, որը ԳՇ-ից պահանջել է անել այն, ինչ նրանից պահանջել է «Փրկության շարժման» միասնական թեկնածուն։ Միտքը հնչեցրել է Վազգեն Մանուկյանը։ Հասկանալի է, որ Վազգեն Մանուկյանը միայնակ նման հայտարարություն չէր անի, բայց քանի որ ինքն է այդ հայտարարությունը արել, հայտարարության պատասխանատուն ինքն է։ Ինքն է հայտարարել, որ «մենք պահանջեցինք, և բանակը կանգնեց մեր կողքին»։  Հիմա ի՞նչ է անում բանակը։ Անցել է արդեն մի քանի օր։ Վիճակն ավելի է խճճվել, բարդացել, որը բոլորովին  չի նպաստում Հայաստանի պետականության վարկանիշին և իրավիճակի հանգուցալուծմանը։

Իսկ արտահերթ ընտրությւոնները կարո՞ղ են հանգուցալուծել իրավիճակը։

Արտահերթ ընտրությունը միակ մեխանիզմն է, քաղաքական միակ գործիքակազմը, որ կարող է հանգուցալուծել այս իրավիճակը, բայց արտահերթ ընտրությունները ո՞վ է կազմակերպելու, ե՞րբ է կազմակերպվելու․ սրանք հարցեր են, որ պահանջում են լուրջ քննարկում, կոնսենսուս։ Պետք է քաղաքական ուժերը նստեն և գան ընդհանուր հայտարարի։

Պարոն Աթանեսյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտաարարեց, որ ռազմական հեղաշրջումը կործանարար կլինի, ու տեսանք, թե դրան ինչպես արձագանքեցին ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, Քոչարյանի իրավունքներով զբաղվող Ռուբեն Մելիքյանը։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։ 

Բոլոր տեսակետներին ծանոթ եմ, այդ բոլոր հայտարարություններին հետևել եմ։ Տպավորություններն այնպիսին են, որ ինչ-որ մի կենտրոնում, ինչ-որ գրասենյակում գրվել է մի տեքստ, որ առաջինը շրջանառության մեջ է դրել իրավապաշտպան կոչվող Ռուբեն Մելիքյանը, հիշեցնելով 2008 թվականի հանրահավաքները և այլն, և պարզապես այդ մարդիկ, երկար տարիներ լինելով քաղաքականության մեջ ունակ չեն հասկանալու Հանրապետության առաջին նախագահի մտահոգությունը։ Այդտեղ շատ հստակ ասված է, որ ինքը հասկանում է Գլխաբվոր Շտաբի գեներալների մտահոգությունը։ Ինքը նույնիսկ հասկանում է, որ նրանք ինչ-որ տեղ փորձում են քաղաքականությամբ զբաղվել, բայց համարում է, որ ԳՇ-ն պետք է քաղաքական չեզոքություն պահպանի և Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այնպես, ինչպես նախատեսում է սահմանադրությունը։ Ի՞նչ կա այստեղ տարօրինակ։ Ես ծանոթ եմ բոլոր արձագանքներին, և այստեղ կա իրավիճակի նենգափոխում, այն առումով, որ առաջին նախագահին փորձում են կանգնեցնել կողմերից մեկի կողքին։ Այսինքն «դու կամ Փաշինյանին ես պաշտպանում, կամ մեզ ես պաշտպանում»։ Եթե Փաշինյանի հրաժարական չի պահանջում, ապա նշանակում է, որ սատարում է Փաշինյանին, եթե չի աջակցում «Փրկության շարժմանը», ապա սատարում է Փաշինյանին։ Սա է ենթատեքստը։ Այնինչ նախագահը երկու-երեք նախադասությամբ առաջարկում է ծրագիր՝ գեներալները չպետք է գերազանցեն իրենց լիազորությունները, որքան էլ որ նրանց վրդովմունքը հասկանալի լինի, քաղաքական ուժերը չպետք է ազդեն բանակի վրա, բանակը չներքաշեն աղետալի զարգացումներում։ իրավիճակը պետք է հանգուցալուծվի այնպես, ինչպես պահանջում է սահմանադրությունը։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված արտախորհրդարանական որոշ ուժերի, այդ թվում ՀԱԿ-ի պասիվությունը։

Ես չեմ կարող մեկնաբանել քաղաքական ուժերի քայլերը։ Կհայտարարվեն արտահերթ ընտրություններ, այն ժամանակ պարզ կլինի ՀԱԿ-ը, առաջին նախագահը, մյուսները կմասնակցե՞ն ընտրություններին, թե՞ ոչ։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ պետք է Հայաստանը լինի կառավարելի։ Այսինքն այն պրոցեսները, որ ընթանում են Բաղրամյան պողոտայում միտում ունեն Հայաստանը մատնել անկառավարելիության։ Այսօր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շենք գրավելը 10 րոպեի խնդիր է։ Սա է վտանգավոր։ Առաջին նախագահը փորձել է հասկացնել, որ պետք է երկուստեք զերծ մնալ, այսինքն կառավարությունը պետք է զերծ մնա գեներալների դեմ ինչ-որ պատժիչ քայլեր ձեռնարկելուց, ԳՇ գեներալիտետը չպետք է  բանակը օգտագործի վարչապետին տապալելու համար։ Զարմանալին այն է, որ մարդիկ մտածում են, որ այս իրավիճակում Փաշինյանը կարող է արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվի։ Սա սեփական ուժերի թերագնահատում է։ Մարդիկ խոստովանում են, որ իրենք, 17 կուսակցությամբ ավելի քիչ էլեկտորատ ունեն, քան պատերազմ պարտված Նիկոլ Փաշինյանը։ 

Ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանը կկեղծի ընտրությունները, ոչ թե իրենք քիչ էլեկտորատ ունեն, այլ ընտրույթունները իշխանությունը կկեղծի եվ կվերարտադրվի։

Ինչպե՞ս կկեղծի։ Տպավորությունն այն է, որ 17 կուսակցությունները ավելի թույլ են, քան պատերազմում պարտված Փաշինյանը։ Հակառակ պարագայում նրանք կգնան արտահերթ ընտրությունների և ընտրություններով օրինական իշխանություն կձևավորեն։ Կամ մտավախություն ունեն, որ ընտրություններում կհաղթի երրորդ բևեռը։ Այս առումով, վերջերս ընդդիմությունն ու իշխանությունը միասնաբար գործում էին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Սա էլ եկեք արձանագրենք։ Գուցե առաջին նախագահը իր հայտարարությումաբ փորձել է պարզություն մտցնել։ Այսինքն լյուստրացիայի ենթարկել։ Եվ դա բավականին ստացվել է, որովհետև մարդիկ ինքնաբացահայտվեցին, ինքնադրսևորվեցին առաջին նախագահի հասցեին հերթական չհիմնավորված և երեխայական մակարդակի հայտարարություններով։

Պարոն Աթանեսյան, ինչպիսի՞նն է իրավիճակը Ստեփանակերտում և Արցախում առհասարակ։

Հիմա՝ հանգիստ։ Մարդիկ առօրյա գործերով են զբաղված։ Երեկ ձյուն էր եկել։ 

Մարդիկ ինչ-որ մտավախություններ, անհանգստություններ ունե՞ն, կապված անվտանգության հետ։

Ոչ։ Նման անհնագստություններ չկան, որովհետև շփման նոր գծում Պաշտպանության բանակը գրեթե լիովին վերակահավորել է դիրքերը, ռուս խաղաղապահներն այստեղ են, զինադադարի ռեժիմը պահպանվում է, երթևեկությունը Երևանի հետ կանոնավոր, անխոչընդոտ պահպանվում է։ Այս պահի դրությամբ որևէ խոչընդոտ չկա՝ ո՛չ ապրանքների, ո՛չ բեռների, ո՛չ էլ մարդկանց տեղաշարժի հետ կապված։

Իսկ սոցիալական, տնտեսական խնդիրներ կա՞ն։ Դրանք լուծվու՞մ են։

Բնականաբար պատերազմն իր հետքերն է թողել։ Կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր զրկվել են ունեցվածքից, տնից-տեղից, բայց կառավարությունը ջանքեր է գործադրում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ստեփանակերտում և շրջկենտրոններում, որտեղ ազատ բնակարաններ կան, մարդիկ վարձակալում են, պետությունը տալիս է վարձակալության փոխհատուցում։ Իհարկե կան անպարկեշտ մարդիկ, ովքեր չեն բավարարվում պետության տված հիսուն-վաթսուն հազար դրամով, ավելին են պահանջում, բայց սա արդեն բարոյականության խնդիր է։ Այդպսի մարդիկ միշտ էլ լինում են։

Այսինքն՝ հնարավորը արվու՞մ է։

Հնարավորությունների սահմաններում կառավարությունը մարդկանց ապահովում է բնակարանով կամ փոխհատուցում վարձակալության վճարը, տրամադրվում է առաջին անհրաժեշտության իրեր, պարագաներ, սնունդ։

Այսինքն՝մարդիկ ավելի տրամադի՞ր են մնալու։

Չեն արտագաղթում։




Վովա Հակոբյան