Քաջարանի համայնքապետի գործով 2 ամբաստանյալները՝ Արամ Գասպարյանը և Արմեն Անդրեասյանը կրկին կկալանավորվեն. Դատարանը բավարարեց դատախազի բողոքը
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով մեղադրյալներ Արմեն Անդրեասյանը և ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար «Ալֆայի Չիկոն»՝ Արամ Գասպարյանը կկալանավորվեն։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը՝ բեկանելով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Արամ Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։