Արտահերթ խորհրդարանական ընտրությունների, երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին Civic.am-ը զրուցել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։
«Արտահերթ ընտրություններն ունեն պարամետրեր՝ ժամկետներ, համաձայնություն, որ դրանք ստեղծված ճգնաժամի լուծում են։ Խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, այլ ոչ թե արտաքին ինչ-որ հանգամանքի նախապայման, մինչդեռ այն, ինչ ասում է «Լուսավոր Հայաստանը», հենց այդպիսի արտաքին հանգամանք է», - ասաց Մարիա Կարապետյանը՝ շեշտելով, որ վարչապետի և կառավարող ուժի անունից հնչեցված՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը իր բնույթով անփոփոխ է մինչ այսօր, և որ հուշագրի ստորագրման մեջ նախապայման չկա։
«Լուսավոր Հայաստանի» կողմից առաջ քաշված նախապայմանը, ըստ պատգամավորի, «բուսնել է բոլորովին վերջերս»։ Եվ եթե «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա Մինչև ԳՇ պետի շուրջ իրադրության ծագումը ի՞նչն էր ԼՀԿ-ին խանգարում համաձայնել հուշագիր ստորագրել։
Իշխանության կողմից պատրվակի փնտրտուքի մասին, ըստ Կարապետյանի, կարելի է խոսել այն ժամանակ, երբ խորհրդարանական ուժերը համաձայնեն անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ կառավարող ուժը ինչ-որ բան հնարի՝ չեղարկելու համար այդ պայմանավորվածությունը։
Մարիա Կարապետյանն ասաց, որ չի կարող միանշանակ ասել, թե կգնա՞ իշխանությունը արտահերթ ընտրութունների, եթե խորհրդարանական ընդդիմությունը բանավոր համաձայնի գնալ արտահերթ ընտրությունների, բայց հուշագիր չստորագրի, քանի որ դա կախված է կոնսուլտացիաների ընթացքից, թե ինչո՞վ է պայմանավորված ընդդիմության հրաժարվելը հուշագիր ստորագրելուց։
«Եթե այդ հուշագրի մեջ նկարագրված ճանապարհով ենք գնալու՝ խնդիրն ինչու՞մ է, որ մենք կարողանանք նաև դա արձանագրել հանրության առջև, որպես ստանձնած պատասխանատվություն։ Եթե տեքստը հրապարակվելու է, և տեքստը նրա մասին է, ինչ մենք բանավոր ասում ենք՝ խնդիրն ինչու՞մ է դա արձանագրելու՝ որպես քաղաքական պայմանավորվածություն», - նշեց Մարիա Կարապետյանը։
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախորդ օրը հրապարակած հայտարարությանը, Մարիա Կարապետյանն ասաց, որ եթե իրենք կառչած լինեին աթոռից՝ չէին հնչեցնի արտահերթ ընտրությունների առաջարկը։ «Բավական է, որպեսզի խորհրդարանական ուժերը համաձայնեն, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների»,- շեշտեց Կարապետյանը։
Վերջինիս կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի պատճառ կարող է ունենալ արտահերթ ընտրությունների չգնալու համար։ Այդ պատճառներից հիմնականը, ըստ Կարապետյանի, կարող է լինել այն, որ խորհրդարանական ուժերը մտավախություն ունեն, որ կարող է չունենան այն ձայների համամասնությունը, ինչ ունեն հիմա։ Երկրորդ մոտիվացիան՝ այս ճգնաժամը ձգձգելով կառավարող ուժին մաշելու հնարավորությունը կարող է լինել, քանզի երկրում ամեն ինչի պատասխանատվությունը կառավարող ուժի ուսերին է։
Մանրամասները տեսանյութում:
Վովա Հակոբյան