Եվրոպացի պաշտոնյաները դժգոհում են, որ ամերիկյան սպառազինության մատակարարման ուշացումներն իրենց դնում են բարդ դրության մեջ, հայտնում է Reuters գործակալությունը:
Հինգշաբթի Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը տեղեկացրել է եվրոպական երկրներին սպառազինության մատակարարման հնարավոր ուշացումների մասին՝ Իրանի հետ հակամարտության պայմաններում սեփական ռազմական կարիքների առաջնահերթ ապահովման անհրաժեշտության պատճառով: Նշվում էր, որ մատակարարման ուշացումները, ըստ կանխատեսումների, կազդեն մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Բալթյան և սկանդինավյան պետությունների վրա:
Ինչպես հայտնել էր ERR հեռուստառադիոընկերությունը նախորդ ուրբաթ, Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը կարծում է, որ ամերիկյան զենքի մատակարարման ուշացումները Եվրոպայում կարող են վերաբերել զինամթերքին, HIMARS համակարգերին և Javelin հակատանկային հրթիռային համալիրներին:
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 3 հազար մարդ: Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադարի մասին: Դրանից հետո Իսլամաբադումկայացած բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի:
Ընդ որում, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ը սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ: