ՄԻՊ-ն անընդունելի է համարում ասուլիսների ընթացքում լրագրողների կամ ԶԼՄ-ների նկատմամբ անհավասար վերաբերմունքը․ ՄԻՊ-ը՝ Քոչարյանի ասուլիսին Civic.am-ին չհավատարմագրելու մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Civic.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից արձագանքել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի լուսաբանման համար մեր լրատվամիջոցին չհավատարմագրելու փաստին:
«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կոնկրետ դեպքերով գործադրվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է գործող պաշտոնյաների արարքներից պաշտպանել մարդկանց, այդ թվում՝ լրագրողների իրավունքները»,-փոխանցել են ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի այսօրվա վարքագծի հետ կապված: Նկատենք, սակայն, որ ՀՀ պատգամավորը ևս պաշտոնյա է և նրան արձագանքելը ՄԻՊ լիազորությունների շրջանակում է։
«Այդուամենայնիվ, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրում ժողովրդավարության հիմքերից մեկին, այն է՝ խոսքի ազատությանը, Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում ասուլիսների, զանգվածային լուսաբանման համար նախատեսված այլ միջոցառումների ընթացքում լրագրողների կամ լրատվամիջոցների նկատմամբ անհավասար վերաբերմունքը: Նույն սկզբունքով Մարդու իրավունքների պաշտպանի համար անընդունելի է, և Պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, երբ հրապարակային հարցազրույցի կամ հանրային միջոցառումների ժամանակ հանրային գործիչները կամ պաշտոնյաները, հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, դա անում են լրատվամիջոցի կամ լրագրողի թիրախավորումով ու անգամ լրագրողին վիրավորելով»,- ՀՀ ՄԻՊ-ի տեսակետը փոխանցել են ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները համակարգողն է, ի պատասխան խմբագրության զանգին՝ ընդգծել էր. «Civic.am-ը ՔՊ-ի հարևանությամբ է գործում, այդտեղ աշխատող լրագրողներից Վովան էլ ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, Civic.am-ը լրատվամիջոց չէ, որ հավատարմագրենք»:
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս դիմել էր ՄԻՊ-ին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի ու Քոչարյանի գրասենյակի կողմից Civic.am-ին չհավատարմագրելու փաստին գնահատական տալու համար: