«Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի «ֆեյքերի ֆաբրիկա»․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովովում քննարկում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նախագիծը․ առաջարկվում է վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնել․ 5 մլն դրամ վիրավորանքի համար, 10 միլիոն դրամ զրպարտության համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը հայտարարեց, որ առաջարկվող նախագիծը չի կարող ընդունելի  լինել, քանի որ, Սամսոնյանի կարծիքով, դրա հիմքում չկա ազնվություն, չկա իրական պայքար: 

Իշխող «Իմ քայլից» Լուսինե Բադալյանը, կարևորելով խոսքի ազատությունը զրպարտությունից, վիրավորանքից սահմանազատելը, ասաց. «Երբեմն զրպարտությունը մարդուն շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան 10 միլիոնով, 100 միլիոնով երբևիցե կարող ես փոխհատուցել: Այնպես որ, կարծում եմ, ավելի խելամիտ կլինի մենք քննարկենք ընդհանրապես տուգանքի վերին շեմը հանելը, քան 10 միլիոնից 3 միլիոնի իջեցնելը»:

Իշխող «Իմ քայլի»  պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Հայաստանում եւ հատկապես սոցցանցերում հիմա այդ առումով տիրում է գաղջ մթնոլորտ: «Վիրավորանք, զրպարտություն, վիրավորանքով համեմված զրպարտություն, մանիպուլյացիա: Այդ միջավայրում առողջ խոսքն էլ է կորում, առողջ քննարկումն էլ է կորում: Այս խնդիրը պետք է լուծել: Չգիտեմ՝ այս նախագիծն այդ խնդիրն ինչքանով է լուծելու, բայց, որ մի քայլ առաջ է, հաստատ»,- նշեց նա։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ ինքն ամենաշատ զրպարտված ու վիրավորված քաղաքական գործիչներից է: Նա հարց ուղղեց Ալեն Սիմոնյանին․ «Հիմա այս նախագծով թերթերին դատի են տալու, «ֆեյքերի ֆաբրիկաները» շարունակեն աշխատե՞լ: Այդ «ֆեյքերի ֆաբրիկաներն» ի՞նչ անել»,- ասաց նա ու իշխանությանը մեղադրեց «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ:

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Մարուքյանին. «Ես մեկուկես ամիս առաջ Ձեր գործընկեր Տարոն Սիմոնյանին հրավիրել եմ, ուղարկել եմ մի Քրեական օրենսգրքում փոփոխության մի նախագիծ, որը նախատեսում է «ֆեյքերի ֆաբրիկաները» քրեականացնել: Չիջաք իմ մակարդակին, չեկաք այդ քննարկմանը»:

Անդրադառնալով իշխանությանը «ֆեյքերի ֆաբրիկա» ունենալու մեջ մեղադրելուն՝ Սիմոնյանն  ասաց. «5 ամիս առաջ ձեր գործընկերը հայտարարում էր, որ շուտով ցուցակները հրապարակելու են: Բա ձեր ասածը եթե զրպարտություն չէ, ապա ի՞նչ է: Կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի «ֆեյքերի ֆաբրիկա»: