«Առկա է բացահայտված կոռուպցիա». Ակնաշենի բնակչի վեճը համայնքի հետ ձգվում է շուրջ 11 տարի
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Սպարտակ Ավագյանը 1990 թվականին գյուղապետարանի հետ կնքել է պայմանագիր 30 հա հողատարածքի մշակության համար՝ մինչև 2042 թվականը: Աճեցրած բերքի մի մասը տվել է պետությանը, բանակին, ուղարկել է Արցախ:

1992թ.-ին՝ պատերազմի ծանր օրերին, համաձայնություն է տվել 30 հա հողատարածքից 20 հա-ն հանձնել համագյուղացիներին: 1997 թվականին ֆինանսական ճգնաժամի պատճառով 5 հա հատկացրել է իր մտերիմներից Լյովա Վարդանյանին՝ ենթավարձակալական հիմունքներով: 2003 թվականին էլ 1 հա հողատարածք իր համաձայնությամբ հատկացվել է որպես գերեզմանատեղ, գերեզմանոցի շարունակությամբ, որը այս պահին վաճառված է: 2021 թվականի օգոստոսին մնացած 9 հեկտարից 1.5 հա-ն առանց իր իմացության և համաձայնության հատկացվել է ՀԷՑ-ին, որն էլ բարձր լարման հոսանքալարեր է անցկացրել ամբողջ տարածքով մեկ: Նշենք, որ հողատարածքը պետպահուստային ֆոնդի է, և ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել այդ հողատարածքի նկատմամբ: 
Պայմանագրերի օրինականությունը հիմնավորվել է 2001թ.-ի վճռաբեկ դատարանի որոշմամբ: 2005 թվականին համայնքապետ ընտրված Միսակ Միսակյանը 2010-ին, առանց Սպարտակ Ավագյանի իմացության, վերոհիշյալ հողատարածքից 2.698 հա հողատարածք աճուրդային կարգով վաճառում է Արտաշես Բաբախանյանին՝ 2 հա, Խաչատուր Բադալյանին՝ 0.698 հա: Սպարտակ Ավագյանը բազմաթիվ դիմումներ է ուղարկել տարբեր պետական կառույցներին, որոնք մնացել են անարձագանք: 

«2017թ.-ին հայցով դիմեցինք վարչական դատարան: 2019թ.-ին դատարանը հայցը բավարարեց՝ հողատարածքները վերադարձնելով մեզ: Պատասխանող կողմերի՝ համայնքապետ Միսակյանի և հողատարածքի գնորդների կողմից վերաքննիչ դատարան բողոք ներկայացվեց, որի առաջին լսումը կայացավ 2021 թվականի փետրվարի 16-ին, դրա հաջորդ օրը գնորդը վերավաճառում է իր գնած 2 հա հողը՝ 45 մլն դրամով, որը գնել էր 3.250.000 դրամով: 2021 թվականի մայիսի 18-ին կայացավ հաջորդ լսումը, որից հետո՝ մայիսի 27-ին, մյուս գնորդը իր 1.115.000 դրամով գնած հողատարածքը վերավաճառում է 20.000.000 դրամով»,- ասում է Սպարտակ Ավագյանը։

Այնուհետև Սպարտակ Ավագյանը դիմել է Կադաստրի կոմիտե՝ դատական վեճի առարկա հանդիսացող և արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ անօրինականություն կատարելու մասով պարզաբանման համար: Ստացել է պատասխան. «Համայնքապետ Միսակ Միսակյանը ավագանու նիստով 2010թ.-ի սեպտեմբերին օտարում է 2 հա հողատարածք՝ բեկանելով վճռաբեկի որոշումը: Ավագանու նիստով հաստատում է հողի գինը (կադաստրային արժեքով), ինքը դառնում է տվյալ հողատարածքի սեփականատերը՝ ստանալով կադաստրից վկայական N-2797972: Նույն թվականի սեպտեմբերին վերոհիշյալ հողատարածքը վաճառում է նույն կադաստրային գնով (3.250.000 դրամ) Արտաշես Բաբախանյանին, իսկ դեկտեմբերին 0,698 հա հողատարածքը դարձնում է իր սեփականությունը՝ կադաստրից ստանալով սեփականության վկայական N-2709742, այնուհետև վաճառում է Խաչատուր Բադալյանին 1.115.000 դրամով»,- նշում է Ավագյանը։ 
 2021 թվականի հոկտեմբերի 11-ին վճռաբեկ վարչական դատարանը որոշում է գործն ուղարկել ամբողջ ծավալով քննության՝ հաշվի առնելով վերոնշյալ բացահայտումները: 

«Եվ այսպես, ոչ թե կատարվել է աճուրդ-վաճառք, այլ առուվաճառք»,- պնդում է Սպարտակ Ավագյանը և ավելացնում.  «Առկա է բացահայտված կոռուպցիա՝ սուտ մատնության հատկանիշներով (այդ թվում՝ հանգուցյալի անունից վկայություն)»։ 

Սպարտակ Ավագյանը շուրջ 11 տարի համայնքի հետ գտնվում է վեճի մեջ, իսկ խնդիրը դեռ չի լուծվում։ Կրել է բազմաթիվ նյութական և բարոյական վնասներ, քանիցս հրկիզվել է իր բերքը, հարուցվել են քրեական գործեր, սակայն գործը տեղից կարծես չի շարժվում։