Ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոց. աշխատակիցներին բաժանված դիմումներն ընդամենը ձևաթղթեր են. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի»  Նորքի մասնաշենքի դիմաց այսօր՝ հունվարի 10-ին, աշխատակիցներից շատերը բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանց խոսքով՝ դեկտեմբերի 5-ին 80 աշխատակիցների Կենտրոնի իրավաբանը տեղեկացրել է, որ պետք է ազատվեն աշխատանքից, և որոշակի ժամանակ է տրվել նրանց։ 

Աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 30-ին իրենց հրավիրել են ժողովի, տվել են դիմումներ և ասել՝ ստորագրեք: Դիմումում գրված է եղել՝ խնդրում եմ ազատել աշխատանքից մեր դիմումի համաձայն. «Մեզ բոլորիս ասացին՝ մինչև հունվարի 15-ը իրավունք ունեք աշխատելու։ Իրավաբանը մեզ ասաց՝ դիմումը գրեք, թե չգրեք, միևնույն է՝ ազատված եք աշխատանքից»։ 

Աշխատակիցների խոսքով՝ հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչ պատճառով են ազատում իրենց: «Երկար ժամանակ կային խոսակցություններ, որ Նորքի ինֆեկցիոնը փակվելու է և ամբողջությամբ պետք է վերանորոգվի»,- ասացին նրանք։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի»-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանն էլ նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներին՝ բոլորին, առաջարկել են գալ դահլիճ, հանդիպել տնօրենիւ հետ, սակայն նրանք կրկին շարունակում են ակցիան: «Այս շենքը 0-ից պետք է վերակառուցվի, որպեսզի ունենանք ժամանակակից հիվանդանոց, և մենք պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել, բայց հնարավոր չի, որ մարդիկ լինեն շենքի ներսում, և ընթանա վերակառուցում։ Եվ բնական է, որ այդ մասնաշենքում կադրերի հետ կապված խնդիր կառաջանա, որովհետև փոքր մասնաշենքում հնարավոր չէ այդ անձնակազմը պահել»,- ասաց փոխտնօրենը։

Նրա խոսքով՝ այս պահին քննարկումներ են տարվում, որ հիվանդանոցներից մեկում բացվի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ ազատվող աշխատակիցները կարող են տեղափոխվել աշխատանքի։ Աշխատակիցները ամբողջությամբ կտեղափոխվեն, թե նրանց մի մասը կտեղափոխվի՝ Աշոտ Սարգսյանը դեռ հստակ չգիտի։
 
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վարդան Ավագյանն էլ ընդգծեց, որ Կառավարության 2021-2026թթ. միջոցառումների ծրագրով հաստատվել է, որ Նորքի մասնաշենքը պետք է վերակառուցվի. «Դա պլանավորվում է այս տարի, և «Բ» կորպուսը պետք է ազատվի, տրամադրվի շինհրապարակ, որի արդյունքում ունենալու ենք հաստիքացուցակի փոփոխություններ։ Միևնույն ժամանակ այս պահին քննարկվում է այդ բուժծառայությունը տեղափոխել այլ բուժհաստատություն։ Մեր կոլեկտիվի աշխատակիցներին նախապես զգուշացվել է, որ լինելու է այսպիսի տեղափոխություն։ Աշխատակիցներ ենք ունեցել, որ տեղեկանալուց հետո ազատվել են աշխատանքից և նպատակահարմար են համարել իրենց ընտրած վայրում աշխատել։ Ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան հիվանդանոց՝ հանրապետական նշանակությամբ, իսկ վերակառուցումը տևելու է 2 տարի»։ 

Տնօրենը հավելեց նաև, որ աշխատակիցներին բաժանված դիմումները ընդամենը ձևաթղթեր են: «Մեծ մասը 100 տոկոսով տեղավորվելու է աշխատանքի։ Իմ կողմից դեռևս որոշում չկա, թե որ աշխատակիցները պետք է ազատվեն աշխատանքից՝ մինչև ես չունենամ հաստիքացուցակ, դեռևս պայմանական է զգուշացվել բոլոր աշխատակիցներին»,- նշեց նա։