Բերքառատցի դպրոցականներն այսուհետ հայրենասիրության կենդանի դասեր կսերտեն՝ ոգեշնչվելով իրենց հայրենակից, հայրենանվեր ու քաջարի մարտիկ Գևորգ Հրաչի Ասատրյանի հերոսական կերպարով։
Այսօր Բերքառատի միջնակարգ դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած Գևորգ Ասատրյանի (ծնվ. 2000թ.) անվան դասարան։ Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Լիլիթ Նիկոյանը, հերոսի ծնողները, հարազատներն ու համերկրացիները։
Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որը հաջորդեց դասարանի անվանակոչման արարողությանը։ Մարզպետ, զինվորականի երկար ուղի անցած Ռազմիկ Պետրոսյանն իր ելույթում ներկաներին կոչ արեց Գևորգի ու հանուն հայրենյաց նահատակված բոլոր քաջերի անունները հպարտորեն արտասանել, որովհետև նրանցից յուրաքանչյուրը կերտել է մի հերոսապատում, որով պիտի ոգեշնչվենք, ապրելու և արարելու կենսատու ուժ ստանանք։