Այսօր լրանում է ողբերգալի հանցանքներից մեկի՝ Գյումրու Ավետիսյանների 7 անդամից բաղկացած ընտանիքի սպանության 7 տարին։
Հանցանքը կատարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը նույնիսկ չէր խնայել Ավետիսյանների ընտանիքի 6 ամսական երեխային և սվին-դանակով մարմնի տարբեր հատվածներին հասցրած հարվածներով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր պատճառել։
Դեպքի հենց հաջորդ օրը ձերբակալված Վալերի Պերմյակովի ցուցմունքները հակասական էին, կատարված հանցանքի դրդապատճառն՝ անհասկանալի։
Civic.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ քրեական գործի շրջանակներում արձանագրված պաշտոնական մոտիվը, որ 6000 դրամ էր Պերմյակովը վերցրել այդ ընտանիքից, որպեսզի Թուրքիայով գնա Ռուսաստան, չստացավ հիմնավորում, և հանցագործության իրական շարժառիթն այդպես էլ չբացահայտվեց:
«Քրեական գործում կային ակնհայտ փաստեր, որոնք ավելի շուտ Պերմյակովի մասնակցությունն այդ հանցագործությանը կասկածի տակ էին դնում, և իրական հանցագործներն այդպես էլ չբացահայտվեցին, որովհետև Պերմյակովի ցուցմունքներն ակնհայտ հակասության մեջ էին ոչ միայն մյուս այլ ցուցմունքների հետ, այլ նաև օբյեկտիվ փաստերի հետ»,- ասաց Սաքունցն ու հավելեց, որ այս գործի հիման վրա իրենք դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ արդար դատաքննության իրավունքի պահանջով. «Քաղաքացիների կյանքի իրավունքն է խախտվել, որի ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել։ ՄԻԵԴ-ը պետք է իրավական գնահատկան տա, որովհետև կյանքի իրավունքը խախտվել է թե՛ ՌԴ ռազմաբազայի, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից։ Պետք է ասեմ, որ նույնիսկ փորձ արվեց մեր դիմումը անուշադրության մատնելու ուղղությամբ քայլեր կատարել, որպեսզի այս գործով մենք որևէ մասնակցություն չունենանք։ Այն տուժողի իրավահաջորդը, որի շահերը մենք պաշտպանում էինք՝ իրենից լիազորություն էին վերցրել այլ փաստաբաններ քաղհայցով ՄԻԵԴ-ում շահերը ներկայացնելու ուղղությամբ։ Դա նորմալ իրավական ընթացակարգ էր, բայց արդյունքում ստացվելու էր այնպես, որ մենք կարող էինք ՄԻԵԴ-ում բուն քրեական գործով խնդիրը բարձրացնելու անմիջական մասնակցությունից զրկվել։ Ի վերջո մենք կարողացանք դա հաղթահարել՝ տեղեկացնելով ՄԻԵԴ-ին հարցի էությունը, և դեռևս սպասում ենք արձագանքի»։
Արթուր Սաքունցի խոսքով՝ չկա որևիցե հիմք՝ պնդելու, որ Պերմյակովը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ուներ, կամ նրա առողջական խնդիրները կարող էին որևէ ազդեցություն ունենալ նրա գործողությունների վրա: «Բայց Պերմյակովն այդպես էլ չգտնվեց Հայաստանի արդարադատության ներքո և պահվեց ռուսական բազայում թե՛ նախաքննության փուլում, թե՛ ամբողջ դատաքննության փուլում»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Գյումրու ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ևս հիշատակեց, որ Պերմյակովի հետ շփման ժամանակ որևէ հոգեկան շեղում չի նկատել: «Ադեկվատ պատասխանում էր բոլոր հարցերին։ Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հստակ նշված է, որ հանցագործությունը կատարվել է իր մասնակցությամբ»,- ընդգծեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանը հատելուն և Թուրքիայով Ռուսաստան մեկնելուն՝ փաստաբանը հիշատակեց, որ Պերմյակովը հենց Հայաստան-Թուրքիա սահմանին է ձերբակալվել, և իրեն առաջադրված՝ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը դատարանի վճռով հաստատվել է։
Հիշեցնենք, որ Պերմյակովը 2017թ. հունվարի 12-ին կատարած ողբերգական հանցագործությունից ամիսներ անց արտահանձնվեց ռուսական իշխանություններին: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Նարա Մարտիրոսյան