Բնական գազի սակագնի փոփոխման հիմքում ընկած համաձայնագիրը գաղտնի չէ․ կնքել է «Գազպրոմ Արմենիա»-ն «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ․ ՀԾԿՀ մամուլի քարտուղար
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման հայտ է ստացել։  

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր ներկայացրած հայտով առաջարկում է մեկ միասնական սակագին սպառողների համար։ Ընկերության այդ առաջարկով կթանկանա սոցիալապես անապահով ընտանիքների և 10.000 ու ավելի խմ սպառում ունեցողների բնական գազի սակագինը։ Սակայն ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ սակագնային քաղաքականության իրավասությունը վերապահված է հանձնաժողովին, ուստի սպառողական խմբերի համար սակագները կսահմանվեն հայտի համալիր ուսումնասիրությունից հետո. «Մինչև ապրիլի 1-ը համալիր ուսումնասիրություններ կկատարվեն, որից հետո հանձնաժողովը նիստ կհրավիրի, այդ նիստում կընդունվի սակագնի վերանայման որոշումը, և այդ նոր սակագները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից»։  

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկում է 1000 խմ-ի դիմաց բնական գազի սակագինը սահմանել 135.648 դրամ, այսինքն՝ 1 խմ-ի համար 135.6 դրամ, որը կարող է տատանվել՝ պայմանավորված կալորիականության փոփոխությամբ։ Նշենք, որ  ներկայումս բնական գազի սակագինը սպառողների համար սահմանված է 139 դրամ, իսկ անապահով ընտանիքները 1 խմ-ի դիմաց վճարում են 100 դրամ։    

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է բնական գազի սակագնի բարձրացմանը և ընդգծել, որ սակագնի բարձրացման հիմքը 29.10.2021թ. կնքված՝ տնտեսագետի խոսքով՝ գաղտնի լրացուցիչ համաձայնագիրն է։

ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը, անդրադառնալով դեռևս նախորդ տարի հոկտեմբերի 29-ին կնքված համաձայնագրին,  տեղեկացրեց, որ լրացուցիչ համաձայնագիրը կնքել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության հետ՝ գազի կալորիականության բանաձևի վերաբերյալ, որը գաղտնի չէ։  

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից թանկանալու է էներգիայի սակագինը։ 

Դեռևս 2021թ. սեպտեմբեր ամսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ բնական գազի գինը միջազգային շուկայում ռեկորդային աճ է սահմանել, և ընթանում են բանակցություններ: «Սա տեղի է ունենում մեր սահմանին՝ գազի  հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարի ֆոնին, որը բանակցային գործընթացում առաջացնում է բարդություններ»,- ասել էր փոխվարչապետը։ 

Նարա Մարտիրոսյան