Այսօր մինչև ՀՀ կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո իրենց համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը և այդ ճանապարհին կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ պլանավորել են 2018 թվականին՝ եղել է Պարեկային ոստիկանության հիմնադրումը։
«Ընդ որում պիտի արձանագրեմ, որ այդ պրոցեսը բավականին դժվար ընթացավ՝ ձեզ հայտնի պատճառներով։ 2019 թվականին այն ամբողջությամբ պլանավորված էր, հետո վրա հասավ «քովիդի» համավարակը, հետո վրա հասավ պատերազմը և հետո՝ ներքաղաքական ճգնաժամ։ Եվ մենք շատ բարդ պայմաններում, 2021 թվականի հուլիսին որոշում կայացրեցինք մեկնարկել գործընթացը։ Չնայած՝ այդ պահին գործընթացը դեռ լիարժեք մեկնարկային վիճակում էր և արդեն շուրջ վեց ամիս Հայաստանում գործում է պարեկային ոստիկանություն և բացի այն, որ պարեկային ոստիկանության շուրջ բավականին դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք ՀՀ ոստիկանության պետի հետ մեր աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք պարեկային ոստիկանության աշխատանքի միջանկյալ արդյունքները և ես կարծում եմ, որ այդ արդյունքները արժանի են հրապարակման, որպեսզի տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ իրենք աշխատանքը համեմատել են ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատանքի հետ, որը Երևանի ՃՈ-ն է, և փորձել են համեմատական տանել, թե ինչ արդյունքներ և արձանագրումներ կան։
«Մեր դրական արձագանքը նրա մասին չէ, որ մեր քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են կիրառվել։ Մեր դրական արձագանքն այն մասին է, որ մեր համոզմամբ, ձևավորվել է իրավակարգ, կարգուկանոն օրենքի նկատմամբ հարգանք ձևավորելու որոշակի ինստիտուտ։ Ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես ամբողջ աշխարհում դա է կարգը, եթե օրենքի խախտումը չի բերում պատասխանատվություն, այն բերում է օրենքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության։ Եվ ես ուզում եմ մի այսպիսի աշխատանքային գաղտնիք բացահայտել։ Պարեկային ոստիկանության գործունեության յոթ ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, ես ռանգը նկատի ունեմ, անձերին՝ քավ լիցի, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք մենք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդմաներ ենթարկվեն վարչական պատասխանատվության։ Մի անձնական մանրամասն ներկայացնեմ ներողություն խնդրելով ոստիկանության պետից։ Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք»,-ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում