Գրանթ Թորնթոնը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, ինչպես նաև գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ, այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
Նախաձեռնության հեղինակ, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերության ղեկավար Գուրգեն Հակոբյանը մեկնաբանում է. «2020 թվականը ծանր տարի էր հատկապես Հայաստանի համար. համավարակով պայմանավորված որոշակի բարդություններ ստեղծվեցին, որին հետևեց պատերազմը: Ստեղծված իրավիճակում գիտակցելով ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ յուրաքանչյուրիս կողմից ձեռնարկած միջոցների կարևորությունը՝ պատերազմի սկզբում որոշեցինք միանալ «Մեկը երկու դարձնենք» ծրագրին և մեր կազմակերպության աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Հետագայում, ցանկանալով շարունակական աջակցություն ցուցաբել պատերազմի հետևանքով տուժածներին՝ որոշում կայացրեցինք հանդես գալ մեր սեփական նախաձեռնությամբ և հրավիրել այլ կազմակերպություններին հետևել մեր օրինակին»:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի պաշպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորներին կամ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու առաքելությամբ։
Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշում է, որ Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։
Նախաձեռնությանը միանալու համար այցելեք Հիմնադրամի կայք: