Չինաստանից ներկրած 211 ավտոբուսներից 65-ն են շահագործվում, եթե 211-ն էլ մտնեն գիծ՝ տեսանելի կթեթևանա տրանսպորտի խնդիրը․ Երևանի ավագանու անդամը՝ կանգառներում կուտակումների մասին
Երևան քաղաքում հանրային տրանսպորտի աշխատանքը կրկին վատացել է, քաղաքացիները ստիպված են ավելի երկար սպասել կանգառներում։ Խնդիրը չի լուծվում, չնայած վերջին երեք տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 311 ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ։ Կանգառներում՝ առավոտյան և երեկոյան ժամերին շարունակվում են մարդկանց կուտակումները՝ խնդիրը տրանսպորտի հաճախականության հետ է կապված։

Civic.am-ն այսօր էլ ահազանգ ստացավ հանրային տրանսպորտով երթևեկողներից՝ թիվ 29, 60, միկրոավտոբուսներին, 33, 14, 53 ավտոբուսներին մարդիկ հաճախ ստիպված են լինում սպասել մոտ 30 րոպե, բայց սա դեռ ամենը չէ, պիկ ժամերին էլ երբեմն հնարավոր չի լինում օգտվել արդեն իսկ կանգառ հասած հանրային տրասնպորտային միջոցից՝ կանգնելու տեղ չլինելու խնդրով պայմանավորված։ Իսկ 253 Երևան-Նոր Հաճն միկրոավտոբուսն էլ չափազանց մաշված է երթուղի մտնում։ 

Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» անդամ Լևոն Զաքարյանը մեզ հետ զրույցում հիշատակեց, որ հոկտեմբեր ամսին Չինաստանից ներկրած 211 հատ ավտոբուսներից առայժմ 65-ն են շահագործվում․ «Մինչև հուվարի վերջ ևս մի քանի գիծ կհամալրվի նոր ավտոբուսներով։ Իմ համոզմամբ եթե 211-ն էլ մտնեն գիծ արդեն իսկ տեսանելի կթեթևանա տրանսպորտի խնդիրը»,- ասաց Երևան քաղաքի ավագանու անդամը։ 

Լևոն Զաքարյանը ընդգծեց նաև, որ այս տարի նախատեսվում է ևս 100 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ և կառավարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում՝ ևս 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ ներմուծել Հայաստան․ «Այս ամբողջ քանակն ունենալու պարագայում տրանսպորտի հարցը վստահաբար կլուծվի։  Ըստ անգլիական ընկերության հաշվարկի՝ Երևանում տրանսպորտային խնդիրը լուծելու համար 850-860 միավոր տրանսպորտ է մեզ պետք։ Արդեն իսկ բերվել է 311-ը, եթե այս տարի էլ 200-ը բերենք ստացվում է  511, մեր ունեցածն էլ գումարած արդեն բավական արդյունավետ կլինի»։

Ավագանու անդամի կարծիքով այս տարի տրանսպորտի հարցը կլուծվի մոտ 75 տոկոսով։ Լևոն Զաքարյանը գտնում է, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտային միջոցների գոնե 70 տոկոսը պետք է լինի համայնքապատկան և միայն 30 տոկոսը կարելի է ներգրավել մասնավորից, բայց միայն որակյալ տրանսպորտային միջոցներ․ «Մասնավորը պետք է աշխատի պայմանագրային հիմունքներով, այնպես ինչպես Երևան քաղաքի տրանսպորտն է՝ այսինքն նույն չվացուցակով, նույն կանոններով, նույն պայմաններով։ Հիմա էլ կան բարեխիղճ մասնավոր ընկերություններ, որոնք սպասարկում են Երևան քաղաքի տրանսպորտը»։

Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այլ կարծիքի է։ Նրա տեսակետով՝ մոտ ապագայում կանգառներում մարդկանց կուտակումների խնդիրը չի լուծվի՝ այսինքն տրանսպորտի հաճախականության հարցը դեռևս կշարունակի մնալ չլուծված։ 

«Տրանսպորտի վիճակը չի բարելավվում, որովհետև դեռ չի ներդրվել նոր տրանսպորտային համակարգը։ Եթե մենք հին համակարգում, պայմանականորեն ասած, 10-ը գազելը փոխարինում ենք 2 ավտոբուսով, գուցե տեղատարողության իմաստով նույնն է, բայց հաճախականության իմաստով խնդիր ենք ունենում։ 

Ավտոբուսների գնումներ են հայտարարված, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Գնման պրոցեսը դանդաղ է ընթանում, մեկը՝ կառավարության կողմից ձեռք բերվելիք միջազգային վարկով մրցույթն է, որն ամիսներ տևող գործընթաց է, իսկ այն մյուս մասը, որը պետք է քաղաքը հայտարարի գնումը՝ դրա գործընթացը նոր է սկսվել և մինչև հայտերը լինեն, պատրաստվեն այդ ավտոբուսները և մատակարարվեն Երևան՝ կրկին ամիսներ կտևի»,-հավելեց Դավիթ Խաժակյանը։ 

Նա կարծում է, որ Երևանում տրանսպորտի հաճախականության խնդիրը կլուծվի նոր տրանսպորտային համակարգ ներդնելով․ «Նոր տրանսպորտային ցանցը ներդնելու ցանկությունը կարծես թե նկատվում է նոր քաղաքապետի մոտ, պարզապես շարժակազմի խնդիր կա, որովհետև նոր տրանսպորտային համակարգում մեզ պետք է շուրջ 850 ավտոբուս, որի մատակարարումն այս պայմաններում ժամանակատար է։ Հայկ Մարությանը նպատակ էր դրել, որպեսզի ամբողջ ձեռքբերվելիք տրանսպորտային կազմը լինի համայնքապատկան։ Այսինքն, միայն համայնքի միջոցներով ձեռք բերվեր, ինչը ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ մեր բյուջեի պայմաններում իրատեսական չէ և պետք է ներգրավվել մասնավոր օպերատորի, որ ինքն այդ ներդրումը կատարի։ Բայց Մարությանը իր սոցիալիստական հայացքներով գնաց և փաստացի իր պաշտոնավարումից երեք տարի անց անհրաժեշտ 850-ից կարողացավ ձեռք բերել 311-ը, որոնցից 100-ը միկրոավտոբուսներ են»։ 

Ավագանու անդամի մեկնաբանմամբ օպերատոր ներգրավելու համար հնարավոր է նաև միջազգային մրցույթ հայտարարել, որպեսզի փորձ ունեցող միջազգային օպերատորները ներգարվվեն․ «Նրանք շատ են և բազմիցս եկել են Երևան։ Նրանք շահավետ բիզնես գործարքի պարագայում կարող են իրենց մասնաճյուղը բացել Երևանում՝ ներդրում իրականացնել»։

«Լույս» խմբակցության ղեկավարի տեսակետով՝ ի տարբերություն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր քաղաքապետը չի պնդի, որ Երևանի հանրային տրանսպորտային միջոցները բոլորը լինեն համայնքապատկան և որոշակի տոկոս կտա մասնավորին․ «Բայց ժամկետի խնդիր կա՝ այս պահի դրությամբ 1,5 տարի ժամանակ է մնացել այս ավագանու պաշտոնավարման ավարտին։ 

Պայմանականորեն ասած եթե հիմա հայտարարվի նոր օպերատոր ներգարվելու մրցույթ և հանկարծ ձախողվի՝ նոր մրցույթի ժամանակ չի մնա։ Այսինքն, դա պետք է իրագործվի արդեն նոր ավագանու ձևավորված կազմի օրոք»,-մեկնաբանեց ավագանու անդամը։ 

Դիտարկմանը՝ կան դժգոհություններ, որ արդեն իսկ գործող տրանսպորտն է վատ հաճախականությամբ գործում, մաշված է և չի վերանորոգվում՝ «Լույս» խմբակցության ղեկավարն արձագանքեց․ «Դա շատ բնական է, որովհետև նվազել է այդ գծերի եկամտաբերությունը և տվյալ գծերը սպասարկող անձինք որևէ ներդրում չեն իրականացնում։ Եղածը մաշեցնում են և երբ պետք է վերանորոգեն՝ այդ աշխատանքն այլևս չեն անում և այդ մեքենաները շարժակազմից դուրս են գալիս, մինչև լինում է իրավիճակ որ որևէ մեքենա գծում չի մնում։ Այս երեք տարիների ընթացքում կան գծեր որոնք փակվել են»։ 

Նարա Մարտիրոսյան